Գյուղացիները Կառավարության մոտ դժգոհում են սպանդանոցային մորթի պահանջից

Գյուղացիները Կառավարության մոտ դժգոհում են սպանդանոցային մորթի պահանջից

PanARMENIAN.Net - Կառավարության շենքի մոտ բողոքի ցույց է՝ գյուղացիները դժգոհ են սպանդանոցային պարտադիր մորթի պահանջից: Ակցիային մասնակցում են մի քանի տասնյակ անասնատերեր, գյուղացիներ տարբեր մարզերից:

Ըստ ցուցարարների՝ փոփոխությունն արվել է առանց անասնատերերի կարծիքը հաշվի առնելու։

«Պայմաններ չեն ստեղծել, բայց մեզ պահանջներ են թելադրում, 5-րդ ձև են պահանջում։ Մարդիկ ո՞նց իրենց անասունները տանեն սպանդանոց, եթե չկա։ Վայոց Ձորում մի հատ սպանդանոց է, զանգում եմ՝ ասում, մենք մորթ չենք անում, ես որտե՞ղ տանեմ մորթելու»,- պատմում են նրանք, հայտնում է Panorama.am-ը:

Մասնակիցներից մեկը մատնանշել է ծախսերի ավելացումը՝ մեկ ցլիկի մորթը սպանդանոցում իրականացնելու համար պետք է վճարել 18-20 հազար դրամ, խոզի դեպքում՝ 8 հազար դրամ։

«Հաշվե՞լ են՝ էդքան գումար մնո՞ւմ է գյուղացուն, որ ուզում են փողերը վերցնեն ձեռքից։ Այդ գումարի մեջ ներառված չեն անասունի, ապա` մսի տեղափոխումը»,- ասել է նա։

Ազգությամբ եզդի անասնատերն էլ առաջարկում է՝ իրենց հնարավորություն տան մինի-սպանդանոցներ ունենալ իրենց ֆերմաներին կից, անասնաբույժ կցեն, որ ստուգի անասունների առողջությունը։

«Այս բոլոր փոփոխությունները վերավաճառողների օգտին են»,- ասել է նա։

Որպես խնդրի լուծում ցուցարարներն առաջարկում են յուրաքանչյուր համայնքում համայնքային միջոցներով սպանդանոց ստեղծել։

Ասում են՝ անասուններին մի քանի ամիս կապում են գոմում, բտում, հետո կենդանին գոմից դուրս է գալիս կատաղած՝ բակում մորթելն է գրեթե անհնար, ինչպե՞ս կատաղած կենդանուն մեքենայի մեջ ու սպանդանոց տեղափոխեն։

«Հիմա էս սիրուն օրենքը գրող տղուն ես ասում եմ՝ արի քեզ մի անասուն ցույց տամ, եթե ձեր սաղ անձնակազմով կարողացաք էդ ցլիկին բռնել, տանեք սպանդանոց ու մորթել, կասեմ՝ մոլոդեց։ Կամ մեր փողոցներում էդ բեռնատարը կանգնում է 150-200 մ հեռու, երկու հոգով 300 կգ-անոց ցլին ո՞նց են հասցնելու մեքենայի մոտ, ապա սպանդանոց»,- ասել է մեկ այլ անասնատեր։

ՀՀ տարածքում գործող 22 սպանդանոց կա. 1-ը՝ Արագածոտնում, 10-ը՝ Կոտայքում, 2-ը՝ Լոռիում, 2-ը՝ Սյունիքում, 2-ը՝ Արարատում, 1-ը՝ Տավուշում, 1-ը՝ Վայոց Ձորում, 2-ը՝ Երևանում: Եվս 20 սպանդանոց այս պահին կառուցման փուլում են, տեսչական մարմնից վստահեցնում են՝ շատերն այս ամսվա վերջին շահագործման կհանձնվեն: Եվս 26-ը նախագծման ու թույլտվությունների ստացման փուլում են:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---