Թովմասյան. Իշխանությունը խնդիր ունի արագ ձերբազատվելու ինձնից

Թովմասյան. Իշխանությունը խնդիր ունի արագ ձերբազատվելու ինձնից

PanARMENIAN.Net - Օրվա իշխանությունը հնարավորինս արագ ցանկանում է ձերբազատվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանից, ասել է ինքը` Թովմասյանը, իր տանը Հատուկ քննչական ծառայության անցկացրած խուզարկությունից հետո։

Հունվարի 24-ի առավոտյան ՀՔԾ-ում հայտարարել են, որ ՍԴ նախագահի բնակարանում խուզարկություն է կատարվում: Ավելի ուշ Թովմասյանի պաշտպանական խմբից Ամրամ Մակինյանը հայտարարել էր, որ խուզարկությունը դեռ չի սկսվել, քանի որ քննչական խմբի ղեկավարը խոչընդոտում է Թովմասյանի իրավունքների իրացմանը, մասնավորապես՝ նրան և պաշտպան Միհրան Պողոսյանին հնարավորություն չի տրվում ծանոթանալ ամբողջ ծավալով դատարանի որոշմանը: ՀՔԾ-ից էլ Ամրամ Մակինյանին հորդորել էին ապատեղեկատվություն չտարածել:

«Այն, ինչ այսօր ՍԴ-ի, իմ շուրջ տեղի է ունենում, գալիս է հիմնավորելու, որ խնդիրներն իրոք խորքային են, օրվա իշխանությունն ունի խնդիր` արագ ձերբազատվելու ինձնից, որպես ՍԴ նախագահ: Այդ ամբողջն արվում է շատ կոպիտ, արդեն ակնհայտ ձևով»,- հայտարարել է Թովմասյանը՝ հավելելով, որ այս մասին նաև միջազգային հանրությունն է տեղյակ:

Թովմասյանը նշել է, որ այս գործողություններից տուժում է ՀՀ-ի հեղինակությունը:

«Իմ խնդրանքը, միջնորդությունը, հորդորը եղել է մեկը՝ ամբողջը տեսաձայնագրվի, որովհետև վստահեցնում եմ, որ այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու, ցավոք սրտի, դա նոր քրեական գործերի հիմք է դառնալու, և այդ ժամանակ ապացուցողական բազան չի լինելու»,- ասել է ՍԴ ղեկավարը՝ նշելով, որ իր համար անհասկանալի է այդ միջնորդության մերժումը:

Թովմասյանը նշել է, որ այժմ տեսանելի է իր դեմ ընթացող պրոցեսների 10%-ը և այդ մասին ակնարկել է նաև Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Արթուր Վանեցյանը:

«Այս ամբողջը մի օր պետք է լիներ, ուզում եք` զրկանք համարեք, ուզում եք հետապնդում, բայց սա իմ խաչն է, որ ես պիտի տանեմ»,- ասել է Թովմասյանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---