Հայաստանում Վրաստանի դեսպանության դիմաց տեղի ունեցավ հայկական եկեղեցիների ոչնչացման դեմ ուղղված բողոքի ցույց

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանում Վրաստանի դեսպանության շենքի դիմաց մոտ տեղի ունեցավ Վրաստանի հայկական եկեղեցիների ոչնչացման դեմ ուղղված բողոքի ցույց: Ցույցի ընթացքում նրա մասնակիցները պահանջեցին դադարեցնել Վրաստանի հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու պատժել մեղավորներին, մասնավորապես` Վրացական Հայրապետության ներկայացուցիչ սպասավոր հայր Տարիել Սիկինչելաշվիլուն: Ցույցի մասնակիցները կրում էին հայկական Նորաշեն եկեղեցու լուսանկարներով եւ «Փրկեք հայկական եկեղեցիները», «Վրաստանի Հանրապետությունը Եվրոպա չէ, այլ` Ասիա» եւ այլ կարգախոսներով ցուցապաստառներ, ինչպես նաեւ խորհրդանշական դագաղ` «Նորածին վրացական ժողովրդավարություն: Այդ նորածին ժողովրդավարությունն արդեն մեռած է» գրությամբ եւ գինու շիշ` «Նորաշենի» պիտակով, որի «ի» վերջավորությունը խորհրդանշում էր «վրացականացումը»:



Ինչպես նախօրեին հայտնեց պատմաբան, հայ ճարտարապետության մասնագետ Սամվել Կարապետյանը, այն, ինչ կատարվում է Վրաստանի հայկական եկեղեցիների եւ տաճարների հետ, հայ, մշակութային ժառանգության ցեղասպանություն է: Անհրաժեշտ է դիմել միջազգային դատարան եւ պատժել մեղավորներին: Նրա խոսքերով, Վրաստանի տարածքում գտնվում են ավելի քան 650 հայկական եկեղեցիներ ու տաճարներ, բայց դժվար է նշել այն հուշարձանների ճշգրիտ թիվը, որոնք վրացական կողմից ենթարկվել եւ ենթարկվում են ոտնձգությունների եւ ոչնչացման:



Նոյեմբերի 16-ին Վրաց ուղղափառ եկեղեցու սպասավոր հայր Տարիել Սիքինչելաշվիլին բանվորների հետ, բուլդոզերի օգնությամբ սկսել է քանդել Թբիլիսիի Նորաշեն վանքի բակում գտնվող Միխաիլ եւ Լիդիա Թամամշեւների գերեզմանները: Թիֆլիսահայերի վրդովված ամբոխը պահանջել է իրենց տեղը վերադարձնել շիրմաքարերը, լեզվակռիվ է ծավալվել: Հայր Տարիելը կտրուկ հայտարարություններ է արել հայերի հասցեին, ընդգծելով, թե «հայերը միշտ հակված են յուրացնել այն, ինչ իրենցը չէ», իսկ այն բանից հետո, երբ պատահարի վայր են ժամանել ՀԱԵ տեղի թեմի ներկայացուցիչներն ու Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավոր Վան Բայբուրտը, վրացի եկեղեցականը սկսել է արդարանալ, թե ժամանակավորպես տեղափոխում էր քարերը եկեղեցու բակը բարեկարգելու նպատակով, իսկ ավելի ճիշտ «շիրմաքարերի տակ մաքրելու համար...»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---