Միլան-Երևան չվերթի որոշ ուղևորներ մնացել էին Իտալիայում. Քաղավիացիան տեղեկացրել է Ryanair-ին

Միլան-Երևան չվերթի որոշ ուղևորներ մնացել էին Իտալիայում. Քաղավիացիան տեղեկացրել է Ryanair-ին

PanARMENIAN.Net - Ryanair ավիաընկերության՝ հունվարի 28-ի Միլան-Երևան FR4456 չվերթից մոտ 4 տասնյակ ուղևոր է տուժել. ոմանք չեն կարողացել վերադառնալ Հայաստան, չեն մասնակցել Check-in-ին կամ բաց են թողել նստեցման փուլը: Այս մասին հայտնել է ուղևորների խախտված իրավունքների պաշտպանությամբ զբաղվող օնլայն համակարգի՝ Passenger.am-ի համահիմնադիր Գուրգեն Ղազարյանը:

Նա նշել է, որ առաջացած խնդիրների պատճառն ավիաընկերության ոչ կազմակերպված գործելաոճն է:

«Միլանի օդանավակայանում Check-in իրականացնում էր ընդամենը մեկ պատուհան։ Դա անկազմակերպ վիճակ էր, որովհետև ֆիզիկապես հնարավոր չէ, որ մեկ պատուհանը կարողանա սպասարկել 100-ից ավելի ուղևորի։ 80 րոպեում 100-ից ավելի ուղևոր սպասարկելն անհնար է։ Ես հասցրեցի մուտք գործել օդանավ, որտեղ տեղեկացա, որ մոտ 4 տասնյակ ուղևոր չի կարողացել օդանավ մուտք գործել»,- նշել է Ղազարյանը:

Նրա խոսքով՝ ուղևորների զգալի մասն արդեն իսկ դիմել են իրենց և լիազորել Ryanair-ի հետ բանակցելու հարցում, որ ուղևորները փոխհատուցում ստանան:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում տեղյակ են Միլան-Երևան չվերթի ընթացքում որոշ ուղևորների չփոխադրման մասին: Խնդրի վերաբերյալ Կոմիտեն տեղեկացրել է նաև Ryanair-ի ղեկավարությանը: Քաղավիացիայի կոմիտեից նշել են, որ խնդիրների դեպքում քաղաքացիները կարող են դիմել ուղևորների խախտված իրավունքների պաշտպանությամբ զբաղվող օնլայն համակարգի հարթակին:

Գուրգեն Ղազարյանի խոսքով՝ խնդիրները ֆունդամենտալ լուծումներ են պահանջում։ Ասում է՝ Երևան-Միլան չվերթի ժամանակ «Զվարթնոց» օդանավակայանում, չնայած Check-in կատարում էր 4 պատուհան, այլ խնդիրներ կային:

Գևորգյանն առաջարկել է Քաղավիացիայի կոմիտեին ստեղծել ուսումնասիրող հանձնաժողով, որի ներկայացուցիչները ներկա կլինեն Check-in-ի գործընթացին, կարձանագրեն ու կուսումնասիրեն խնդիրները:

«Պետք է ամեն ինչ անել, որ ուղևորը հասկանա՝ ինչպես է կատարվում այս գործընթացը։ Հակառակ պարագայում նմանատիպ խնդիրները մարդկանց մեջ կարող են վախ առաջացնել»,- հավելել է Գուրգեն Ղազարյանը։

Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերությունը հայկական շուկա է մուտք գործել 2019-ին: Լոուքոսթերի առաջին չվերթը 2020 թվականի հունվարի 14-ին է իրականացվել՝ Երևանից դեպի Հռոմ և Միլան:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---