Թոշակառուներն ու հաշմանդամություն ունեցողներն անվճար թատրոն ու թանգարան կայցելեն

Թոշակառուներն ու հաշմանդամություն ունեցողներն անվճար թատրոն ու թանգարան կայցելեն

PanARMENIAN.Net - Կենսաթոշակառուները կկարողանան անվճար այցելել ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թատրոնների` պետաջակցությամբ իրականացվող մշակութային միջոցառումներ, ինչպես նաև թանգարաններ:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և սոցապ նախարար Զարուհի Բաթոյանը հուշագիր են ստորագրել, համաձայն որի կենսաթոշակառուներին (աշխատանքային՝ տարիքային, արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում, մասնակի, զինվորական` երկարամյա ծառայության, կերակրողին կորցնելու դեպքում) մշակութային օջախներ այցելելու նպատակով կտրամադրվեն անվճար տոմսեր:

Զարուհի Բաթոյանը տեղեկացրել է, որ յուրաքանչյուր կենսաթոշակառու տարին 3 անգամ կարող է այցելել իր նախընտրած ցանկացած թատրոն, իսկ թանգարաններ՝ ամիսը 2 անգամ:

«Մենք պարզեցրել ենք ընթացակարգերը. այսուհետ տոմսեր ձեռքբերելու համար կենսաթոշակառուն կարիք չունի այցելել սոցիալական տարածքային ծառայություն, նա պարզապես կենսաթոշակառու լինելու հանգամանքը հավաստող փաստաթղթով և անձնագրով պետք է այցելի տվյալ մշակությին օջախ, որտեղ նրան կտրամադրեն անվճար տոմս»,- նշել է նախարարը:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կարևորել է ծրագիրը՝ ընդգծելով, որ արվել է հնարավորը՝ առավելագույնս շատ խմբեր ծրագրում ներգրավելու համար:

«Մինչ այժմ բյուջետային միջոցների հաշվին մենք իրականացրել ենք նման ծրագրեր, սակայն այժմ մեր մշակութային օջախները պատրաստակամություն են հայտնել հյուրընկալել կեսաթոշակառուներին: Այս առումով ևս մենք արել ենք առավելագույնը, որ լրացուցիչ բարդություններ չստեղծենք մեր հայրենակիցների համար»,- նշել է Արայիկ Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ յուրաքանչյուր թատերական կազմակերպություն ցանկացած միջոցառման համար ինքն է որոշում անվճար տրամադրվող տոմսերի քանակը, որը կարող է տատանվել դահլիճի տեղերի 2,5-5 %-ի սահմաններում:

Բանախոսներն անդրադարձել են նաև մշակութային օջախների մատչելիությանը: Նրանց խոսքով՝ այս ծրագիրը կարևոր նախաձեռնություն է ոչ միայն ֆինանսական մատչելության և հասանելիության իմաստով, այլև կխթանի, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար մշակութային օջախները մատչելի դառնան նաև ֆիզիկական իմաստով:

Ավելի վաղ նմանատիպ ծրագիր է գործարկվել աշակերտների համար: Մոտ 350,000 աշակերտի աբոնեմենտային համակարգի շրջանակում անվճար թատրոն, թանգարան և համերգ գնալու հնարավորություն է տրվել:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---