Ամերիաբանկը IFC-ի 2 մրցանակ է ստացել առևտրի ֆինանսավորման ոլորտում

Ամերիաբանկը IFC-ի 2 մրցանակ է ստացել առևտրի ֆինանսավորման ոլորտում

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն (Միջազգային ֆինանսական կորպորացիան) Հայաստանի խոշորագույն բանկ Ամերիաբանկին շնորհել է երկու մրցանակ` «Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում սարքավորումների ֆինանսավորման գծով 2019թ. լավագույն գործընկեր-բանկ» մրցանակը և «Կովկասում և Կենտրոնական Ասիայում 2019թ. լավագույն թողարկող բանկ» մրցանակը:

«Կովկասում և Կենտրոնական Ասիայում լավագույն թողարկող բանկ» մրցանակին Ամերիաբանկն արժանանում է արդեն երկրորդ անգամ:

Մրցանակները վկայում են առևտրի ֆինանսավորման ոլորտում Ամերիաբանկի հաջողության մասին: Առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի (GTFP) շրջանակում IFC-ի երաշխավորությամբ թողարկված վարկային նամակների ներքո Ամերիաբանկը ներգրավել է կարճաժամկետ և երկարաժամկետ ֆինանսավորում, որն ուղղվել է գյուղատնտեսության և ճանապարհաշինության ոլորտներում աշխատող ընկերությունների կողմից գերժամանակակից էներգախնայող սարքավորումների ձեռքբերմանը:

Մրցանակներն Ամերիաբանկին Երևանում շնորհել է IFC-ի` Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, Լատինական Ամերիկայի և Կարիբյան տարածաշրջանի գծով փոխնախագահ Ջորջինա Բեյքերը:

«IFC-ն շատ է կարևորում առևտրի ֆինանսավորումը որպես մի ոլորտ, որը կարող է մեծ ազդեցություն ունենալ տնտեսական ակտիվության և զարգացման համար: Հայաստանում մեր վաղեմի գործընկեր Ամերիաբանկը մեր աջակցությամբ ֆինանսավորում է ջերմոցային տնտեսության և ճանապարհաշինության ոլորտներում աշխատող ընկերություններին, նրանց աջակցում էներգախնայող սարքավորումների ձեռքբերման հարցում` նպաստելով տնտեսական աճին և ստեղծելով նոր աշխատատեղեր: Այս երկու մրցանակներն իրավամբ վկայում են Ամերիաբանկի մեծ հաջողության մասին, որին բանկը հասել է` համագործակցելով IFC-ի հետ», - նշել է նա:

«Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում սարքավորումների ֆինանսավորման գծով լավագույն գործընկեր-բանկ» մրցանակն IFC-ն 2020-ին շնորհում է առաջին անգամ: Մրցանակի նպատակն է խրախուսել Առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի` միջնաժամկետ (մինչև 5 տարով) գործարքների գծով պարտավորությունները երաշխավորող հատվածի լավագույն և ամենաակտիվ գործընկերներին: Առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի միջնաժամկետ հատվածի շահառուներն են կլիմայի փոփոխությունը կանխելուն ուղղված սարքավորումներ ձեռք բերող ձեռնարկությունները:

«Բարձր ենք գնահատում IFC-ի կողմից շնորհված մրցանակները: Մեզ համար մեծ պատիվ է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում արժանանալ մրցանակի, որը շնորհվում է առաջին անգամ: Առևտրի ֆինանսավորման ուղղությամբ մենք համագործակցում ենք IFC-ի հետ դեռևս 2009թ-ից և դրա շնորհիվ կարողացել ենք էապես մեծացնել Հայաստանում առևտրի ֆինանսավորման ծավալը: Ես վստահ եմ, որ շարունակական համագործակցության արդյունքում մեր համատեղ ջանքերը էլ ավելի կնպաստեն Հայաստանի բանկային հատվածի և մեր երկրի տնտեսության աճին», - իր հերթին նշել է Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանը:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրում թվայնացման ուղղությամբ զարգացող ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---