ՃՈ պետը՝ բալերի վաճառքի մասին. Տեղյակ ենք, տեսախցիկներով կարելի է պարզել՝ ով էր ղեկին

ՃՈ պետը՝ բալերի վաճառքի մասին. Տեղյակ ենք, տեսախցիկներով կարելի է պարզել՝ ով էր ղեկին

PanARMENIAN.Net - ՀՀ ճանապարհային ոստիկանության (ՃՈ) կողմից բալային համակարգ ներդնելուց հետո բալեր վաճառվել են, նման դեպքերում ճանապարհներին տեղադրված տեսախցիկների միջոցով կարելի է տեսնել, թե ով է ղեկին, հայտարարել է ՃՈ պետ Եգոր Կարապետյանը:

Նա նշել է, որ ոստիկանությունը տեղյակ է նման դեպքերի մասին և դրանք բացահայտելու այլ գործիքներ ևս ունի:

Հայաստանում հունվարի 1-ից՝ ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրումից հետո մի շարք քաղաքացիներ առցանց հարթակներում փորձել են վաճառել իրենց բալերը՝ այդ մասին հայտարարություններ տեղադրելով տարբեր հարթակներում:

Կարապետյանը նշել է, որ պատկան մարմինները զբաղվում են բալերի վաճառքի հարցով և անհնագստանալ պետք չէ:

«Շատ զարգացած երկրներում, այդ թվում` Ֆրանսիայում, բալ վաճառել հասկացությունը եղել է, բայց հենց Ֆրանսիայի փորձն ու իրենց բացթողումներն ուսումնասիրելով` մեր օրենքն ընդունելիս այնպիսի կանխարգելիչ գործողություններ ենք նախատեսել, որ մեզ համար շատ հեշտ է բալ վաճառողներին հայտնաբերելը»,- ասել է նա:

Նոր համակարգով յուրաքանչյուր վարորդի 9 միավոր է տրվում, խախտումների դեպքում՝ տուգանքներին զուգընթաց, միավորներ են հանվում: Մեկ տարում այդ բալերը սպառելու դեպքում վարորդի տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կասեցվում է 6 ամսով:

 Ուշագրավ