Վառլամով. Երևանում տհաճ է ապրելը, վերադառնալու ցանկություն չի առաջանում

Վառլամով. Երևանում տհաճ է ապրելը, վերադառնալու ցանկություն չի առաջանում

PanARMENIAN.Net - Հայտնի ռուսաստանցի բոլգեր Իլյա Վառլամովն իր տպավորություններով է կիսվել Երևան այցելությունից՝ եզրակացնելով, որ Երևանը փնթի է և նյարդային, և այստեղ վերադառնալու ցանկություն չի առաջանում:

Բլոգերը համարում է, որ Հայաստանի գլխավոր գանձը տուֆն է:

«Տուֆով են երեսպատված գրեթե բոլոր շենքերը, բայց ամենագեղեցիկը երևանյան տուֆն է: Այն մուգ շոկոլադի գույն ունի:

Երևանյան տուֆով երեսպատված տներից գեղեցիկ աշխարհում ոչ մի բան չկա: Դրանց շնորհիվ փողոցը միանգամից կերպերանափոխվում է:

Այդ շենքերը, կարծես, պատվո պահակախմբի զինվորներ լինեն շքահանդեսին: Եվ այդ ամենն ուղեկցվում է նուրբ քանդակված զարդանախշերով»,- գրում է նա:

Վառլամովը ափսոսանքով է նշում, որ հայերը չգնահատեցին հին Երևանի գեղեցկությունը և որոշեցին քանդել՝ տեղ-տեղ պահպանելով միայն ճակատային մասերը: Նա նշում է, որ, քառակուսի մետրերի հետևից ընկնելով, արդեն «չեն մտածում գեղեցկության և պատմության մասին»:

Հյուսիսային պողոտայի մասին նա գրում է. «Պետք է նշել, որ Երևանի նոր ճարտարապետությունը, ընդհանուր առմամաբ, վատը չէ:

Ամեն ինչ շատ հանգիստ է, իսկ քանի որ շենքերը տուֆով են երեսպատված, դրանք այնքան էժանագին տեսք չունեն, ինչպես ռուսական նմանակները: Բայց միևնույն է՝ այս փողոցում քեզ հարմարավետ չես զգում՝ նոր կառուցապատումն անհամաչափ է»:

Ըստ հեղինակի՝ հին Երևանը քանդել են դեռևս խորհրդային տարիներին, փոխարենը բավականին լավ շենքեր կառուցելով ազգային ճարտարապետության տարրերով: Հանրապետության հրապարակի մասին նա ասում է, որ շենքերը վեհաշուք տեսք ունեն շնորհիվ տարբեր երանգների տուֆի, բայց տեսքը փչացնում են պատերին կպած օդորակիչները:

Վառլամովն անդրադարձել է նաև անարդյունավետ մետրոյին, ամենուր կայանված մեքենաներին, որոնք, ըստ նրա, անհնարին են դարձնում զբոսանքը քաղաքում:

«Ինչ-որ խենթություն է... Այս քաղաքով հնարավոր չէ քայլել: Գուցե հայերը կարծում են, որ զբոսաշրջիկները Երևան են գալիս իրենց մեքենաները տեսնելու: Բայց կայանատեղիով զբոսնելու համար հարկավոր չէ Երևան հասնել, կարող եմ Մոսկվայի ծայրամասում գտնվող ինչ-որ առևտրի կենտրոնի կայանատեղի գնալ»,- գրել է նա:

Քաղաքում շատ վատ են կահավորված հետիոտնային անցումները, իսկ լուսաֆորները հաճախ չեն աշխատում: Հեղինակը կարծում է, որ երթևեկելի հատվածները հարկավոր է նեղացնել՝ շտկելով խորհրդային շրջանի քաղաքաշինական սխալները:

Վառլամովի աչքից չեն վրիպել նաև աղտոտված գետնանցումները, որոնք հարմար չեն շահագործման համար: Նա գրում է, որ «զբոսաշրջիկները չեն այցելում Երևանի նման քաղաքներ, այս քաղաքում ապրելը տհաճ է»:

Վառլամովը նաև քննադատական կարծիք է հայտնել Երևանի 2800-ամյակի զբոսայգու մասին՝ նշելով, որ այնտեղ ոչ մի ծառայություն չկա և գտնվելը հաճելի չէ:

Որպես լավ օրինակ բլոգերը փողոցային մի սրճարան է նկարագրել՝ նշելով, որ «բավական է միայն ուղղակի սեղաններ և աթոռներ դնել փողոցում»:

Որպես շատ նշանային տեղ նա նշում է Կասկադը՝ ափսոսալով, որ այն չեն հասցրել ավարտին հասցնել ու վերևում մի հսկայական փոս է, և հայտնի չէ, թե երբ ինչ-որ լուծում կգտնվի:

Վառլամովին առանձնապես վրդովեցրել է քաղաքի աղտոտվածությունը: Նա նշում է, որ Երևանի ամենագեղեցիկ վայրերից է Հրազդանի կիրճը, որը, սակայն, ևս պատված է աղբով և անճաշակ կառույցներով ու կիսակառույցներով:

Իսկ որպես քաղաքի ամենալավ մասերից մեկը, որը հոգի ունի, բլոգերը նշել է Կոնդը. ըստ նրա՝ համապատասխան մոտեցման դեպքում այն կարող էր «ձգողական վայր դառնալ զբոսաշրջիկների համար»:

Հոդվածն ավարտվում է հետևյալ բառերով. «Ժամանակակից Երևան վերադառնալու ցանկություն չի առաջանում: Դա շատ վատ է, քանի որ քաղաքը մեծ պոտենցիալ ունի: Հուսով եմ՝ հայերը կսովորեն սիրել Երևանը»:

 Ուշագրավ