Նորքի ինտերնատում 45 վարակվածից ոչ ոքի վիճակը ծայրահեղ ծանր չէ, թոքաբորբ ունեցողներ կան

Նորքի ինտերնատում 45 վարակվածից ոչ ոքի վիճակը ծայրահեղ ծանր չէ, թոքաբորբ ունեցողներ կան

PanARMENIAN.Net - Նորքի տուն ինտերնատում կորոնավիրուսով վարակված 45 անձից ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներ չկան, նրանցից 28-ն ինտերնատի աշխատակիցներ են, PanARMENIAN.Net ին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ վարակված աշխատակիցները մեկուսացվել են հյուրանոցներում, քանի որ ախտանշաններ չունեն։

Տուն ինտերնատում հետազոտվել է 70 տարեց ու աշխատակից, նրանցից միայն 45-ի մոտ է վարակը հաստատվել։

«Այս պահին վարակված տարեցների մի մասը՝ մոտ 8 հոգի գտնվում է բուժհաստատություններում, մյուսները մեկուսացված են հաստատության ներսում։ Նրանց մեջ կան նաև մարդիկ, ովքեր մինչ վարակվելն էլ գտնվել են հոսփիսային բաժանմունքում՝ անկողնային վիճակում»,- ասաց Մարտիրոսյանը։

Նախարարությունից հայտնեցին նաև, որ ինտերնատում վարակվածների մեջ կան նաև թոքաբորբ ունեցողներ, սակայն նրանց վիճակը կայուն է։

Մայիսի 16-ին ԱՆ-ից հայտնել էին, որ Նորքի տուն ինտերնատի 40-ից ավելի պացիենտի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Հայաստանում մայիսի 18-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 4823-ի, մահացել է 61, բուժվել՝ 2019 պացիենտ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---