Հանրային վայրերում հնարավոր է սկսեն դիմակ վաճառել ավտոմատներում. Արժեքը կնվազի 100 դրամով

Հանրային վայրերում հնարավոր է սկսեն դիմակ վաճառել ավտոմատներում. Արժեքը կնվազի 100 դրամով

PanARMENIAN.Net - Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրում է դիմակների թանկացումը: Պարետատան հետ քննարկվել է դրանք ավտոմատ ապարատների միջոցով հանրային վայրերում վաճառելու հարցը, ինչի արդյունքում դիմակի գինը մոտ 100 դրամով կնվազի, հայտնել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։

Նա նշել է, որ ապարատների միջոցով դիմակի վաճառքի դեպքում դրանց գինը կիջնի, քանի որ միջնորդները դուրս կգան։

«Դիմակների ներկրման արժեքը բարձրացել է մոտ տասն անգամ, բացի այդ՝ մեծածախ ձեռբերում է իրականացվում, որտեղ մարժա է գումարվում, այնուհետև մանրածախ վաճառքի վրա է մարժա կիրառվում, և այս մարժաների չափը մեզ անհանգստացրել է։ Դրա հիման վրա կիրականացվեն ուսումնասիրություններ», - ասել է նա, փոխանցում է Aysor.am-ը։

Միաժամանակ Գևորգյանն ընդգծել է, որ չեն կարող 1-2 օրվա ընթացքում ուսումնասիրություններ իրականացնել։

Նրա խոսքով՝ ՀՀ-ում լայն սպառման դիմակների ամենաբարձ գինը 220 դրամ է։ Գևորգյանն ընդգծել է նաև, որ հաշվարկվել են երկրում երկու արտադրության ինքնարժեքները, վաճառքի գները ևս բարձր են:

«Մի արատավոր երևույթ կա, երբ ՀՀ-ում արտադրված դիմակը մեր տնտեսվարողները ձեռք են բերում մեծածախ, հետո տալիս դեղատների ցանցերին, այսինքն՝ երկու մարժա է գումարվում», - ասել է նա։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զգուշացրել էր երկրում կորոնավիրուսի վարակի հետ կապված՝ ամենուր դիմակ կրելու անհրաժեշտության մասին։ Մայիսի 25-ից դիմակ կրելը բոլոր փակ տարածքներում պարտադիր է, բացօթյայում պարտադիր է դրա առկայությունը։ Պարետի որոշմամբ՝ պահանջը խախտելու համար սահմանվում է 10,000 դրամ տուգանք։

Հայաստանում մայիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 7113-ի։ Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 87 է, առողջացել է 3145 պացիենտ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---