Նորվեգացի զույգը տան տակ վիկինգի դամբարան է գտել

Նորվեգացի զույգը տան տակ վիկինգի դամբարան է գտել

PanARMENIAN.Net - Նորվեգիայի Բուդյո համայնքի բնակիչ Մարիան Քրիստիանսենը, որն ամուսնու հետ բնակվում է իր ապուպապի կողմից 1914-ին կառուցված տանը, նորոգման աշխատանքների ժամանակ վիկինգի դամբարան է հայտնաբերել հատակի տակ։

Ամուսինները որոշել են հանել հատակի ծածկը, ջերմամեկուսացում կատարելու համար, և սկզբից ավազի շերտի տակ ուլունքի հատիկ են գտել, իսկ հետո՝ կացին։ Հնագետները կարծում են, որ ամուսիններն ապրել են մոտ 1000 տարվա վաղեմության վիկինգի դամբարանի վրա։ Ըստ Քրիստիանսենի՝ սկզբից նա չի հասկացել, թե ինչ են իրենք գտել, իսկ հետո դիմել են հնագետներին, գրում է TJournal-ը։

Հնագետ Մարտինուս Հաուգլիդը ենթադրել է, որ տան տակ վիկինգի գերեզման է՝ այն քարերի տակ էր, որոնք, հավանաբար, ավանդական «տուր» էին կազմում։ Ըստ մասնագետի` կապույտ ապակուց պատրաստված ուլունքն ու կացինը դասվում են 950-1050թթ․, երբ վիկինգների դարաշրջանն արդեն անկում էր ապրում, և երբ Նորվեգիան քրիստոնեություն ընդունեց և դարձավ միասնական թագավորություն։

Հաուգլիդը նշել է, որ տանտերերը կպարգևատրվեն։

«Դա նորմալ է Նորվեգիայի համար՝ անցյալի նմուշներ գտած մարդիկ պարգևատրվում են կառավարության կողմից»,- ասել է նա։

Ուլունքն ու կացինն արդեն Տրոմսյոյի թանգարանում են, իսկ տան վերանորոգումը ստիպված հետաձգվել է՝ հնագետները շարունակում են աշխատել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---