Փաստաբան. Ծառուկյանն առերեսվել է իր դեմ ցուցմունք տված անձին

Փաստաբան. Ծառուկյանն առերեսվել է իր դեմ ցուցմունք տված անձին

PanARMENIAN.Net - ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն առերեսվել է իր դեմ ցուցմունք տված «Երևանշին» ընկերության նախագահ Վազգեն Պողոսյանի հետ։ Այդ մասին հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի փաստաբան Էմին Խաչատրյանը, գրում է «Ազատություն» ռադիոկայանը։

Ըստ քրգործի` 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Ծառուկյան» դաշինքի ընտրացուցակի 22 համարը զբաղեցրած Վազգեն Պողոսյանը դեռ փետրվարին է իրավապահներին հայտնել ընտրակաշաքի բաժանման մասին։

«Փարատվել են այդ ցուցմունքի արդյունքում բոլոր կասկածները կոնկրետ մեզ մոտ առաջացած, և հույս ունեմ, որ դրանք ուսումնասիրելուց հետո նաև վարույթ իրականացնող մարմնի և դատարանի մոտ կփարատվեն այդ կասկածները: Առերես հարցաքննության արդյունքում վերջնականապես պաշտպանական կողմը ևս ստացավ իրեն հուզող հարցերի պատասխանները, և ավելի քան համոզված ենք և վերահաստատում ենք մեր պնդումն այն մասին, որ հիմնավոր կասկածն առհասարակ բացակայում է», - նշել է Խաչատրյանը:

Հուլիսի 2-ին Վերաքննիչ քրեական դատարանում նախատեսված էր պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված և ընտրակաշառքի գործով մեղադրյալ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցին վերաբերող դիմումների քննությունը, որը հետաձգվեց։ Պատճառը տեխնիկական էր՝ գործընկերների դիմումները փոստով են ուղարկվել և դեռևս դատախազներին չեն ներկայացվել։

Վերաքննիչ բողոք են ներկայացրել ինչպես փաստաբանները, այնպես էլ գլխավոր դատախազությունը։ Երկու շաբաթ առաջ առաջին ատյանի դատարանը, քննարկելով ԱԱԾ-ի՝ կալանքի միջնորդությունը, եզրահանգել էր, թե Ծառուկյանը կարող է գտնվել ազատության մեջ։ Սակայն միևնույն ժամանակ դատարանը գտել էր՝ հիմնավոր կասկածներ կան, որ ԲՀԿ առաջնորդը 2017-ի ԱԺ ընտրություններից առաջ կազմակերպել է ընտրակաշառքի բաժանումը։ Ծառուկյանի փաստաբանները վերաքննիչում վիճարկում են ինչպես այս, այնպես էլ այն հանգամանքը, որ այս գործն ի սկզբանե պետք է հարուցվեր և քննվեր ոչ թե ԱԱԾ-ում, այլ ՀՔԾ-ում։ Դատախազությունն իր հերթին վիճարկում է Ծառուկյանին ազատության մեջ թողնելու որոշումը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---