Ավինյան․ Հայկական արտադրության 100,000 թեստ կպատրաստվի

Ավինյան․ Հայկական արտադրության 100,000 թեստ կպատրաստվի

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի ախտորոշման 100,000 հայկական արտադրության թեստ է նախատեսվում պատրաստել։ Այդ մասին հայտարարել է ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը՝ ֆեյսբուքյան էջում ամփոփելով համաճարակի ընթացքում կատարված աշխատանքները:

Նա նշել է, որ կորոնավիրուսի համավարակի հենց սկզբից կառավարության ամենակարևոր խնդիրներից էր առողջապահական համակարգի մոբիլիզիացիան ու կարողությունների ընդլայնումը:

Ավինյանը հավելել է, որ Չինաստանից պարետատան տեղափոխած հումքով՝ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի պատրաստած 5500 թեստ տրամադրվել է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին։

Պարետը ևս մի քանի կարևոր թիվ է հրապարակել․

Սկզբնական փուլում կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերման նպատակով իրականացվող օրական մինչև 300 թեստի փոխարեն մայիսին անցկացվում էր արդեն մինչև 1000 թեստ, իսկ հունիսին կարողությունների հետագա զարգացման շնորհիվ հետազոտությունների թիվը կրկնապատկվեց՝ հասնելով օրական ավելի քան 2000 թեստի: Մինչ այժմ Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 120,245 թեստ:

«Կորոնավիրուսով վարակվածներին ընդունելու համար մարտ ամսից ի վեր առանձնացվել է ավելի քան 2500 մահճակալ, որից մոտ 290-ը ռեանիմացիոն մահճակալ:

Պացիենտների հիվանդանոցային բժշկական օգնությունն իրականացվում է 19 բժշկական կազմակերպություններում, որից 7-ը մարզերում, իսկ 12-ը` Երևանում։ Կորոնավիրուսային հիվանդությունից մինչ այժմ առողջացել է 15 935 հոգի»,- ասվում է գրառման մեջ։

Պարետը տեղեկացրել է նաև, որ իրականացվել է բուժանձնակազմի շարունակական ուսուցում․5680 բուժաշխատող մասնակցել է կորոնավիրոսային վարակի, դրա կանխարգելման ու հսկողության, նմուշառման տեխնիկայի վերաբերյալ դասընթացների, ավելի քան 2270 հոգի մասնակցել է նեղ մասնագիտական միջազգային ու տեղական վեբինարների:

Հայաստանում հուլիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 27,900-ի: Կորոնավիրուսից մահվան 477 դեպք կա, այլ պատճառով՝ 157։ Առողջացածների ընդհանուր թիվը 15,935 է։ Փաստացի բուժվողների թիվը 11,331 է։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---