Կոռուպցիոն բացահայտումների լուրը ՀՀ նախկին ոստիկանապետի ու 2 տեղակալի մասին հերքվել է

Կոռուպցիոն բացահայտումների լուրը ՀՀ նախկին ոստիկանապետի ու 2 տեղակալի մասին հերքվել է

PanARMENIAN.Net - Ոստիկանության ծառայողական քննության արդյունքներով ՀՀ նախկին ոստիկանապետին ու նրա 2 տեղակալին վերաբերող կոռուպցիոն բացահայտումների մասին լուրը հերքվել է: Ինչպես ասվում է կառույցի տարածած հաղորդագրությունում, Alternativ.am լրատվականում տարածվել էր «Կոռուպցիոն բացահայտումներ Ոստիկանությունում, որոնք գաղտնի են պահվում» հրապարակումը, ըստ որի ՀՀ նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը և երկու տեղակալները՝ Արթուր Մարտիրոսյանն ու Հայկ Մհրյանը30 միլիոն դրամ են դուրս գրել ոստիկանության գաղտնի ծառայակիցների աշխատավարձը վճարելու համար, բայց այդ գումարը համապատասխան մարդկանց չի հասել:

Բացի այդ, Արման Սարգսյանն Առաջին հանրապետության տոնի՝ մայիսի 28-ի առթիվ ոստիկանության ծառայողներին պարգևատրել է 51 հատ անվանական զենքով, սակայն այդ ծառայողների մեջ եղել են այնպիսիք, որոնք, ըստ օրենքի, չէին կարող պարգևատրվել անվանական զենքով (ցածր կոչման և այլ պատճառներով): Այս փաստի վրա «աչք փակելը» արժեցել է յուրաքանչյուր ծառայողի մասով մոտ $2000: Այս գործողությունն էլ իրականացվել է ՀՀ ոստիկանության կադրային քաղաքականության վարչության պետ Սամվել Քոչարյանի համակարգմամբ, իսկ իբր հովանավորել է Սարգսյան, Մարտիրոսյան, Մհրյան եռյակը:

Վերը նշված տեղեկատվությունը հետագայում տարածվել է նաև այլ լրատվականներում: Հուլիսի 7-ին ՀՀ ոստիկանապետի կողմից նշանակվել էր ծառայողական քննություն: Դրա ընթացքում պարզվել է, որ Հանրապետության տոնի կապակցությամբ որպես խրախուսանք ոստիկանապետի հրամաններով զենքով պարգևատրվել է ոստիկանության 7 ծառայող: Արձանագրվել է, որ հիշյալ ծառայողների զենքով պարգևատրումները հիմնավորված են, մասնավորապես՝ դրանք տրվել են ՀՀ ոստիկանությունում երկարամյա օրինակելի ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կամ հատուկ առաջադրանքները բարեխիղճ կատարած ծառայողներին, ինչը վկայում է, որ ոստիկանապետի հրամանները բխել են օրենքի պահանջից և եղել իրավաչափ:

Ոստիկանության ծառայակիցների աշխատավարձը վճարելու համար 30 մլն դրամ դուրս գրելու վերաբերյալ հրապարակման մեջ նշված հանգամանքի կապակցությամբ պարզվել է, որ տեղեկատվությունն իրականության հետ որևէ կապ չունի: Մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության գաղտնագրված ծառայողների աշխատանքի վարձատրությունը յուրաքանչյուր ամիս կատարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով, ժամկետներում և չափով, և ամենևին համեմատելի չէ հրապարակված գումարի հետ:

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի հիման վրա նշված ժամանակահատվածում վճարված դրամական պարգևատրման գումարները ևս անհամեմատելի են վերը նշված թվի հետ: ՀՀ ոստիկանության նախկին պետ, ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Արման Սարգսյանի պաշտոնավարման ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների օպերատիվ-ծառայողական գործունեության հատուկ միջոցների նախահաշվով նախատեսված միջոցներից կատարվող վճարումները հասցեատերերին չտրամադրվելու դեպքեր չեն հայտնաբերվել:

Ծառայողական քննության շրջանակում կայքի տնօրենը բացատրություն է տվել, որ հրապարակման հետ կապված հանցագործության վերաբերյալ հաղորդում ներկայացնել չի ցանկանում, հիշյալ տեղեկատվությունն ապացուցող փաստական տվյալներ չի կարող ներկայացնել և նշված տեղեկությունը հրապարակելով՝ ակնկալել է մեծացնել հետաքրքրությունը կայքի նկատմամբ:

Այսպիսով, ծառայակիցներին աշխատավարձ վճարելու համար ՀՀ ոստիկանության նախկին պետ Սարգսյանի, ոստիկանապետի տեղակալներ Մարտիրոսյանի և Մհրյանի կողմից 30 մլն դրամ դուրս գրելու ու նպատակին չծառայեցնելու, ոստիկանության 51 ծառայողին անվանական զենքով պարգևատրելու, այդ կապակցությամբ անհիմն պարգևատրվածներից $2000-ական ստանալուն հովանավորելու վերաբերյալ Alternativ.am կայքում հուլիսի 7-ին հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, հիմնազուրկ է ու նաև չի ապացուցվել նշված տեղեկատվությունը հրապարակած լրատվամիջոցի կողմից: Ելնելով վերոգրյալից՝ ծառայողական քննության նյութերը թողնվել են անհետևանք։

 Ուշագրավ
Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 8 անգամ։
Սննդի ու խմիչքի մատչելիության տեսանկյունից ՀՀ-ն երկրորդն է ու զիջում է միայն Մադագասկարին
Համեմատության համար հուլիսի 28-ի տվյալներով արված թեստերի 22․6%-ն է եղել դրական։
Հրապարակվել է Տավուշում մարտերի ժամանակ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի կոչը՝ ուղղված հրամանատարներին և զինվորներին։