Հայ ձեռներեցները հանդես են գալիս օրենսդրության խստացման դեմ

PanARMENIAN.Net - Հայաստանի տնտեսության համար բացասական հետեւանքներից խուսափելու համար անհրաժեշտ է խուսափել արտադրության կարգավորման եւ հարկային ոլորտում օրենսդրության խստացումից: Այդ մասին այսօր Երեւանում կառավարության ճգնաժամային ծրագրի քննարկմանը հայտնել է «Երեւանի ոսկերչական գործարան» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Էմիլ Գրիգորյանը:



Գրիգորյանը ներկայացրել է ոսկերչական ոլորտում իրագործվող աշխատանքների մի ծրագիր: Ինչպես նա տեղեկացրեց, անցյալ ամիս գործարանի տնօրենների խորհուրդը Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ մշակեց միջոցառումների մի փաթեթ, որը վերաբերում է առեւտրի, կարգավորվող օրենսդրության բարեփոխման, բանկային համակարգի հետ համագործակցության հարցերին, ինչպես նաեւ ալմաստի մշակման ճյուղում հումքի ստացման հարցերին: Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հավանություն տվեց դիտարկված հարցերին եւ առաջարկված նախագծերին, եւ ներկայումս դրանք գտնվում են հաստատման փուլում, նրանց մի մասն արդեն ուղարկվել է Հայաստանի ԱԺ: Էմիլ Գրիգորյանի խոսքով, համաշխարհային ճգնաժամի պայմաններում յուրաքանչյուր խնդրի լուծում իր անհատական մոտեցումն ունի` հատուկ հենց Հայաստանին:



Ամփոփելով իր խոսքը` նա ընդգծեց հակաճգնաժամային քաղաքականության մշակման եւ իրականացման գործում պետության հետ ձեռներեցության փոխգործակցության անհրաժեշտությունը: «Մենք պետք է դառնանք մեր պետության օգնականները»,- հայտնել է «Երեւանի ոսկերչական գործարան» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Էմիլ Գրիգորյանը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---