ԱԳՆ-ն՝ ԵԱՀԿ-ին․ ԼՂ խնդրի լուծումն ընդգրկում է Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների դեօկուպացիան և կարգավիճակը

ԱԳՆ-ն՝ ԵԱՀԿ-ին․ ԼՂ խնդրի լուծումն ընդգրկում է Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների դեօկուպացիան և կարգավիճակը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության հնարավոր կլինի հասնել Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների դեօկուպացիայի և ԼՂ կարգավիճակի որոշման հիման վրա։ Այդ մասին ԱԳ նախարար Արա Այվազյանը հայտարարել է ԵԱՀԿ նախարարական խորհրդի 27-րդ հանդիպման շրջանակում իր ելույթում։

Նա նշել է, որ Արցախի՝ Ադրբեջանի կողմից վերջերս օկուպացված տարածքներում հայերը ենթարկվել են էթնիկ զտումների, իսկ այն սակավաթիվները, ովքեր մնացել են՝ սպանվել կամ խոշտանգվել և վտարվել են իրենց պատմական հայրենիքից:

«Այս իրողությունը հստակորեն վկայում է, որ Արցախի հայերը չեն կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո»,-ասել է նախարարը:

Նշվել է, որ հակամարտության տևական և կայուն խաղաղությանն ուղղված լուծումն ընդգրկում է

• Արցախի կարգավիճակը՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, Արցախի ժողովրդի անվտանգությունը,

• Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների դեօկուպացիան,

• վերջերս տեղահանված բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց բնակավայրեր,

• Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանությունը:

Նախարարաը հավելել է նաև, որ «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով ռազմագերիների և այլ պատանդների անհապաղ և անվերապահ փոխանակումը, աճյունների վերադարձը պետք է իրականացվեն առանց որևէ հապաղման:

Այվազյանը նաև կոչ է արել ԵԱՀԿ մասնակից բոլոր պետություններին շարունակել ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ իր զինված անձնակազմն իր հետ առնչություն ունեցող ահաբեկչական խմբավորումների հետ միասին դուրս բերելու ԼՂ հակամարտության գոտուց և Հարավային Կովկասից:

«Հավաստի տեղեկություններ կան Ադրբեջանի կողմից զինյալ ահաբեկիչների և վարձկանների տարածման աշխարհագրության ընդլայնման և Արցախի օկուպացված շրջաններում նրանց վերաբնակեցման ծրագրերի մասին»,- ասել է նա։

Այվազյանը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և կայուն կարգավորումը պետք է ձեռք բերվի բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---