Փաշինյանի քայլերթը՝ Երևանում. Հորդորում է ընդդիմադիրներին ծափերով ողջունել

Փաշինյանի քայլերթը՝ Երևանում. Հորդորում է ընդդիմադիրներին ծափերով ողջունել

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քայլերթ է իրականացնում ու մարդկանց հորդորում փետրվարի 25-ին՝ ժամը 16:00-ին միանալ Հանրապետության հրապարակի հանրահավաքին:

44-օրյա պատերազմից հետ Հայաստանում ընդդիմությունը և փետրվարի 25-ին նաև Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջում են վարչապետի հրաժարականը: Փաշինյանն իր աջակիցներին հրավիրել է Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ:

Փաշինյանը կողմնակիցների ուղեկցությամբ գնում է Ազատության հրապարակ, որտեղ ժամը 15:00-ին հավաքվելու են նրա հրաժարականը պահանջող՝ Հայրենիքի փրկության շարժման կողմնակիցները:

Փաշինյանը հորդորել է ծափերով ողջունել այնտեղ հավաքված եղբայրներին: Կողք կողքի քայլող ընդդիմադիրներն ու իշխանության կողմնակիցները վիրավորել են իրար, հայհոյել:

Ընդդիմության կողմնակիցներից ոմանք վարչապետի հասցեին հնչեցրել են վիրավորանքներ, նա հորդորել է չտրվել սադրանքներին: Փաշինյանը նշել է, որ փետրվարի 25-ի հավաքը չի նշանակում, թե իրենք սխալներ չեն արել:

Վարչապետ Փաշինյանը կողմնակիցներին դիմելով նշել է, որ երկրում իրավիճակը կառավարելի է, իսկ իրենք չունեն թշնամիներ: Նա նշել է, որ ԳՇ-ից հեռացված զինվորականները ևս «հայրնիքի եղբայրներն են ու զինվորները»: Նա նաև կարծիք է հայտնել, թե ԳՇ կողմից իր հրաժարականի պահանջը «էմոցիոնալ ռեակցիա է եղել»:

«Բանակը ենթարկվում է ժողովրդին ու վարչապետին»,-հայտարել է նա:

Վարչապետը մի քանի անգամ շեշտել է, որ պատասխանատվություն են կրում բոլոր քաղաքացիների համար: Նա նշել է, որ ՀՀ-ում իշխանությունը ժողովրդինն է, և ժողովուրդը պիտի որոշի ինչ անել ու ինքն ինչ անի:

Զուգահեռաբար, ընդդիմադիր ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն Փաշինյանից անցնցում հեռանալ են պահանջում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---