ՀՀ նախագահն ու ՄԻՊ-ը քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

ՀՀ նախագահն ու ՄԻՊ-ը քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:

Արման Թաթոյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փաստահավաք գործունեության արդյունքները՝ ընդգծելով, որ ադրբեջանական զինծառայողների անօրինական ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքում բացահայտ ոտնձգություն է ՀՀ ամբողջ բնակչության ու առաջին հերթին` սահմանային բնակիչների իրավունքների նկատմամբ:

Նա, մասնավորապես, նշել է, որ Ադրբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով և, հատկապես, Սյունիքի ու Գեղարքունիքի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու հայեցակարգի իրականացումը իրական հնարավորություն կստեղծի քաղաքացիների իրավունքների պաշտպանության և անվտանգության համար:

Նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել են պետական համապատասխան կառույցների կողմից ՀՀ բնակչության անվտանգության ու իրավունքների պաշտպանությանն ուղղված գործուն քայլերի իրականացումը, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ ակտիվ աշխատանքը՝ ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքները կանխելու և նման որևէ դրսևորում ապագայում թույլ չտալու համար:

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։

Մայիսի 25-ին՝ ժամը 14։20-ի սահմաններում, հրազենի կիրառմամբ միջադեպ է եղել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում, որի հետևանքով թշնամու կրակահերթից զոհվել է կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---