Փաշինյան․ ՀՀ-ում ադրբեջանական ԶՈւ ներկայության պայմաններում սահմանազատումն ու սահմանագծումն անընդունելի են

Փաշինյան․ ՀՀ-ում ադրբեջանական ԶՈւ ներկայության պայմաններում սահմանազատումն ու սահմանագծումն անընդունելի են

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՊՆ աշխատակազմին և ԶՈւ բարձրագույն սպայակազմին ներկայացնելով պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանին, հայտարարել է, որ սահմանազատման և սահմանագծման հարցը ՀՀ օրակարգում է՝ շեշտելով, որ դա անընդունելի է, քանի դեռ ադրբեջանական զինուժ կա ՀՀ տարածքում։

«Դա նաև մեր օրակարգն է, որովհետև ունենալ դեմարկացված և դելիմիտացված սահմաններ, մոտավորապես նույնն է, թե ունենալ պարիսպ սեփական երկրի շուրջ: Եվ ես շարունակում եմ այս դիրքորոշումն ունենալ:

Նախկինում էլ այդ փաստաթղթի քննարկման ժամանակ մենք ասել ենք, որ մեզ համար անընդունելի է ադրբեջանական զորքերի ներկայությունը մեր տարածքում և այդ պայմաններում դեմարկացիայի ու դելիմիտացիայի պրոցես իրականացնելը: Եվ մենք այն ժամանակ հենց այս պայմաններն էինք առաջադրել՝ այդ խնդիրը լուծելու և այդ ճանապարհով առաջ գնալու համար»,-ասել է Փաշինյանը։

Վարչապետը հավելել է, որ ՀՀ դիրքորոշումները համահունչ են և արտահայտված են միջազգային հանրության դիրքորոշումների հետ, որն արտահայտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության նոյեմբերից հետո հրապարակված մի քանի հայտարարություններով:

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ապրիլի 13-ի հայտարարությամբ արձանագրել են կարգավորման անհրաժեշտությունը կողմերին հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա: Այսինքն՝ ինչի՞ համար եմ սա ասում, որպեսզի հստակ արձանագրենք, որ միջազգային հանրությունն ինքն է արձանագրում կոնֆլիկտի լուծման անհրաժեշտությունը, հետևաբար արձանագրում է կոնֆլիկտի գոյությունը»,-ասել է նա:

Փաշինյանն ասել է, որ հունիսի 20-ի ընտրություններում իշխանությունները ստացել են մանդատ՝ ՀՀ և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու վերաբերյալ:

«Ցավոք դա միայն ՀՀ-ից չի կախված: Սա է ամբողջ խնդիրը: Խաղաղությունը, ցավոք, միայն մեզնից չի կախված և կախված է նրանից, թե մեր և միջազգային հանրության ջանքերով ինչքանով կկարողանանք տարածաշրջանի խաղաղությանը սպառնալիք հանդիսացող երկրներին բերել կառուցողական դաշտ, բայց մյուս կողմից մենք պետք է ընդունենք նաև այդ օրակարգը, որ մենք էլ մեր հերթին պետք է լինենք մաքսիմալ կառուցողական, որպեսզի ժողովրդից ստացած մանդատը կարողանանք իրացնել, իհարկե ոչ երբեք Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերի հաշվին»,- ասել է Փաշինյանը:

Հուլիսի 28-ին Գեղարքունիքի ուղղությամբ հակառակորդի կողմից սանձազերծված մարտական գործողությունների արդյունքում հայկական կողմից 5 զինծառայող է վիրավորվել, 3 զոհվել։

Հուլիսի 29-ի առավոտյան՝ ժամը 08։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալվել է կարճատև փոխհրաձգություն, հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ մեկ զինծառայող՝ ավագ լեյտենանտ։

Հուլիսի 29-ին՝ ժամը 23:00-ից սկսած, ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձերը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---