ՄԻՊ․ Ադրբեջանի նախագահի ելույթներն ակնհայտորեն հասնում են ֆաշիզմի

ՄԻՊ․ Ադրբեջանի նախագահի ելույթներն ակնհայտորեն հասնում են ֆաշիզմի

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն առանձնացրել է Ադրբեջանի նախագահի՝ 2021թ. օգոստոսի 26-ին Աբշերոն և օգոստոսի 31-ին Շուշի այցերի հրապարակային ելույթների այն հատվածները, որոնք գեներացնում են հայատյացություն ու թշնամանք։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՄԻՊ Արման Թաթոյանը՝ նշելով, որ Ադրբեջանի նախագահի ելույթներն այնպիսին են, որ ակնհայտորեն հասնում են ֆաշիզմի:

Հայերեն ու անգլերեն տարբերակներն ուղարկվել են ՀՀ Ազգային ժողով, գործադիր իշխանության ու իրավապահ մարմինների, ինչպես նաև ՀԿ-ներին՝ իրենց գործունեության մեջ օգտագործելու նպատակով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները և նյութերի մշտադիտարկումն ադրբեջաներենով վկայում են, որ Ադրբեջանի նախագահը շարունակում է իր հրապարակային ելույթներով և ուղերձներով գեներացնել ատելություն ամբողջ հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի բնակչության նկատմամբ, տալիս է սպառնալիքներ, անում վիրավորական ու թշնամանք բորբոքող արտահայտություններ:

«Այդ քաղաքականության հետևանք են այն դաժանությունները, խոշտանգումներն ու սպանությունները, որոնք ադրբեջանական զինված ուժերի ծառայողներն իրականացրել են հայկական կողմի զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ: Այդ քաղաքականության ուղիղ հետևանքներն են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումները:

Ընդ որում, մշտադիտարկումը վկայում է, որ ամեն նման ելույթից կամ ուղերձից հետո տեղի են ունենում կրակոցներ ՀՀ սահմանային գյուղերի, ինչպես նաև այդ գյուղերի անմիջական հարևանությամբ տեղակայված ՀՀ դիրքերի վրա, վիճակն ավելի է լարվում: Տեղի են ունենում փոխհրաձգություններ, գրանցվում են զինվորականների սպանության ու վիրավորանքի դեպքեր: Այսինքն՝ առկա է հստակ պատճառական կապ»,-ասել է նա:

Նշվում է, որ ՄԻՊ աշխատակազմը մշտապես իրականացնում է ադրբեջանական իշխանության մարմինների ուղերձերի ու ելույթների ուսումնասիրություն՝ պետական հովանավորչությամբ թշնամանքի ու հայատյաց քաղաքականության ապացույցները փաստագրելու նպատակով: Նյութերն ուսումնասիրվում են առաջնային աղբյուրներից՝ ադրբեջաներենով:

Այս ամենն իրականացվում է մարդու իրավունքների խախտումները կանխարգելելու, առկա ոտնահարումները վերացնելու նպատակով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---