ՀՀ նախագահ․ Պետք է կարողանանք գլուխներս բարձր և մեջքներս ուղղած դուրս գալ ստեղծված իրավիճակից

ՀՀ նախագահ․ Պետք է կարողանանք գլուխներս բարձր և մեջքներս ուղղած դուրս գալ ստեղծված իրավիճակից

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 44-օրյա պատերազմի մեկնարկի կապակցությամբ իր ուղերձում նշել է, որ «պետք է կարողանանք գլուխներս բարձր և մեջքներս ուղղած դուրս գալ ստեղծված իրավիճակից և թեկուզ դանդաղ քայլերով, բայց շարժվենք. Առաջ»։

«Մեկ տարի առաջ այս օրը սկսվեց մեր նորօրյա պատմության մեջ ամենադաժան՝ Արցախյան երկրորդ պատերազմը:

Պատերազմ, որը մեզնից խլեց երիտասարդ կյանքեր ու ճակատագրեր: Խոնարհվում եմ բոլոր նահատակների հիշատակի առաջ, նրանց ընտանիքների ու հարազատների առաջ...

Պատերազմից մեկ տարի անց, հազարավոր զոհերից ու վիրավորներից բացի, դեռևս ունենք գերության և անհայտության մեջ գտնվող զավակներ:

Այսօր առավել քան երբևէ պետք է ներդնենք մեր ուժերը հանուն գերիների վերադարձի, հանուն վիրավորների ապաքինման, հանուն անհետ կորածների հայտնաբերման։ Հանուն ուժեղ Հայաստանի և Արցախի»,-ասվում է ուղերձում։

Սարգսյանի անունից առավոտյան ծաղկեպսակ է դրվել Եռաբլուր զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած նահատակների սխրանքը հավերժացնող հուշապատին՝ ի հիշատակ արցախյան վերջին պատերազմի ժամանակ զոհված հերոսների:

2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա սկսեց Արցախի Հանրապետության դեմ: Նրան բացահայտ աջակցություն էր ցուցաբերում Թուրքիան։ Հարվածների թիրախում էին ոչ միայն հայկական զորքերն ու ռազմական օբյեկտները, այլև քաղաքացիական շենքերն ու շինությունները, նույնիսկ դպրոցներն ու մանկապարտեզները, ինչպես նաև մշակութային և պատմական կոթողներն ու օբյեկտները։

2021թ. սեպտեմբերի 27-ի դրությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3781 անձ, անհայտ է 231 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---