ՄԻՊ․ Սյունիքում հումանիտար լրջագույն խնդիրներ կան ադրբեջանական անօրինական արարքների պատճառով

ՄԻՊ․ Սյունիքում հումանիտար լրջագույն խնդիրներ կան ադրբեջանական անօրինական արարքների պատճառով

PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Սյունիք գործուղված աշխատանքային խմբի փաստահավաք աշխատանքներին, նշել է, որ Սյունիքում հումանիտար լրջագույն խնդիրներ են առաջ եկել ադրբեջանական անօրինական արարքներով պայմանավորված։

Աշխատանքային խումբն իրականացրել է հրատապ փաստահավաք աշխատանքներ, այդ թվում՝ առաջնահերթ կապված Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական անօրինական սահմանային ու մաքսային վերահսկողության հետ:

Նշվում է, որ, նախ, լրջորեն դժվարացել է կապը Գորիս քաղաքի, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան և մյուս քաղաքացիական բնակավայրերի միջև՝ ադրբեջանական անօրինական արարքներով ճանապարհի երթևեկության արգելքի պատճառով: Նշված բնակավայրերում արդեն իսկ առաջ են եկել սննդամթերքի (հաց և այլ պարենային ապրանքներ) ու առաջին անհրաժեշտության ապրանքների, բուժօգնության և սպասարկման հասանելիության լուրջ սահմանափակումներ՝ մարդկանց կանգնեցնելով հումանիտար ճգնաժամի իրական վտանգի առաջ:

«Օրինակ՝ Գորիս համայնքի Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղերում մեծ դժվարությամբ է կազմակերպվել հացի մատակարարումը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արձանագրած տվյալներով նշված գյուղերին հացը մատակարարվել է 16:00-ից հետո՝ Գորիսի համայնքային մարմինների լրացուցիչ ջանքերով:

Խնդրի լուծումն ավելի է դժվարանում այլընտրանքային ճանապարհի (Տեղ համայնքի Խոտ բնակավայրով անցնող) դժվարանցանելի, իսկ որոշ հատվածներում, օրինակ, հատկապես եղանակային պայմանների պատճառով անանցանելի լինելու պատճառով»,-ասվում է հայտարարության մեջ։

ՄԻՊ աշխատանքային խմբի առաջնահերթ ուշադրության ներքո է եղել երեխաների իրավունքների հարցը. դպրոցներում անհնարին է եղել կամ մեծ դժվարությամբ է կազմակերպվել երեխաների կրթությունը: Նշվում է, որ Բարձրավանի դպրոցի 9 ուսուցիչներից 4-ը դպրոց է գալիս Գորիսից, իսկ 1-ը՝ Կապանից։ Ստեղծված իրավիճակի պատճառով Գորիսում բնակվող ուսուցիչները դասընթացը կազմակերպել են հեռավար եղանակով, քանի որ չեն կարողացել հասնել դպրոց:

Որոտանի դպրոցի 44 աշակերտներից 3-ը կրթության առանձնահատուկ պայմանների կարիքներ ունեցող երեխաներ են, ինչպես նաև նախակրթարանի խմբի 3 երեխա, ում համար պետք է հատուկ ուշադրություն ու խնամք: Դպրոցի 19 ուսուցիչներից 15-ը գալիս են Գորիս քաղաքից։ Շուռնուխի դպրոցի 16 ուսուցիչներից 2-ը գալիս են Գորիսից, իսկ 1-ը՝ Կապանից: Այսօր Գորիսից եկող ուսուցիչները չեն կարողացել հասնել դպրոց։ Նշվում է, որ սահմանափակվում է հատկապես այդ գյուղերի քաղաքացիական բնակչության ազատ տեղաշարժը:

ՄԻՊ աշխատակազմն արձանագրել է ադրբեջանական արարքների պատճառով առաջացած՝ քաղաքացիների համար առօրյա կյանքի կազմակերպման, կենսական կարիքների լուծման խնդիրներ: Նշվում է, որ փաստերը վկայում են, որ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական նոյեմբերի 11-ին ՀՀ-ում հայտարարված, այսպես կոչված, սահմանային և մաքսային վերահսկողությունն ամբողջությամբ խաթարել է մարդկանց բնականոն կյանքը, խաղաղությունն ու անվտանգությունը, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի իրավունքները:

«Պետք է նկատի ունենալ, որ ադրբեջանական դիմակավորված ու զինված ծառայողները շարունակում են ծառայություն իրականացնել ճանապարհին, ինչն ինքնին մարդկանց կյանքի իրավունքի խախտում է ու անվտանգության իրական սպառնալիք:

Ակնհայտ է, որ ադրբեջանական զինված ծառայողների, հատուկ այլ ծառայությունների տեղակայումն ու նրանց նշված արարքներն ապօրինի են (զուրկ է իրավական հիմքից), դրանք քրեորեն պատժելի արարքներ են: Նրանց տեղակայումները տեղի են ունեցել պատերազմի բացահայտ սպառնալիքով, իսկ իրավունքի գերակայությունն ու մարդու իրավունքների ապահովումը նման իրավիճակներում միջազգային հիմնարար պահանջ է: Ավելին, պետք է հիշել, որ այս ամենին զուգահեռ շարունակվում է ադրբեջանական պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի քարոզի քաղաքականությունը։

ՄԻՊ աշխատակազմն արձանագրել է, որ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը ծառայություն են տանում՝ ուղղված մարդկանց անվտանգության ապահովմանն ու աջակցությանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Սյունիքի մարզում կատարված այս փաստահավաք աշխատանքների արդյունքները կամփոփվեն և իրական վիճակի մասին զեկույցները, փաստահավաք աշխատանքների արդյունքները կուղարկվեն միջազգային կառույցներին, ինչպես նաև ՀՀ մարմիններին և հասարակական կազմակերպություններին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---