Փաշինյանի որոշմամբ սահմանադրական բարեփոխումների խորհուրդ Է ձևավորվում

Փաշինյանի որոշմամբ սահմանադրական բարեփոխումների խորհուրդ
Է ձևավորվում

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման գործընթաց սկսելու վերաբերյալ։

Ըստ այդմ, 1-ին կետով՝ 2020-ի փետրվարին ստեղծված սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը կլուծարվի և սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման գործընթաց կսկսվի:

Որոշման 2-րդ կետով սահմանվում է, որ․

1) սահմանադրական բարեփոխումների խորհրդի (այսուհետ՝ նաև խորհուրդ) ձևավորման ժամանակ խորհրդի կազմում ընդգրկվելու են՝

ա. ի պաշտոնե՝ արդարադատության նախարարը, ով նաև ի պաշտոնե հանդիսանալու է խորհրդի նախագահը,

բ. ի պաշտոնե՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչը,

գ. ի պաշտոնե՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը (համաձայնությամբ),

դ. ի պաշտոնե՝ Մարդու իրավունքների պաշտպանը (համաձայնությամբ),

ե. մեկական պատգամավոր Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցությունից (համաձայնությամբ),

զ. մեկ ներկայացուցիչ Բարձրագույն դատական խորհրդի կազմից (համաձայնությամբ),

է. ՀՀ ութերորդ գումարման Ազգային ժողովի մանդատների բաշխմանը չմասնակցած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) կողմից առաջադրված երեք ներկայացուցիչ (համաձայնությամբ), ընդ որում, ներկայացուցիչների առաջադրման գործընթացին կարող են մասնակցել ներկայացուցիչ առաջադրելու պահին նախորդող առնվազն 5 տարվա ընթացքում Ազգային ժողովի առնվազն երկու ընտրությունների մասնակցած կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները),

ը. ՀՀ-ում գրանցված հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրված երեք ներկայացուցիչ (համաձայնությամբ), ընդ որում, ներկայացուցիչների առաջադրման գործընթացին կարող են մասնակցել այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակներից և խնդիրներից են մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարական համակարգի ամրապնդմանը, օրենսդրության կատարելագործմանը, դատաիրավական համակարգի զարգացմանն աջակցելը, և ներկայացուցիչ առաջադրելու պահին նախորդող առնվազն 5 տարվա ընթացքում անընդմեջ նշված ոլորտներից որևէ մեկում գործունեություն են ծավալել։

2) Արդարադատության նախարարի ներկայացմամբ, խորհրդի կազմում որպես լրացուցիչ անդամ՝ խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են ընդգրկվել ՄԻՊ, իրավունքի գերակայության, առաջադրելու պահին նախորդող առնվազն 5 տարվա ընթացքում ՀՀ-ում անընդմեջ գործունեություն ծավալող միջազգային կազմակերպությունների երկու ներկայացուցիչ

3) Խորհուրդը համարվելու է ձևավորված սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված անդամների՝ խորհրդի կազմում ընդգրկվելու դեպքում:

4) Որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի «է» և «ը» պարբերություններում նշված խորհրդի անդամների թեկնածուների ընտրությունը կատարվելու է սույն որոշումն ընդունվելու օրվանից հետո 20-օրյա ժամկետում արդարադատության նախարարության կողմից մրցույթ հայտարարվելու միջոցով:

5) խորհրդի կողմից մրցութային ընթացակարգով ձևավորվելու և գործելու է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով)` կազմված 5 անդամից:

6) հանձնաժողովի անդամների ընտրությունը կատարվելու է խորհրդի կողմից՝ խորհրդի գործունեության կարգին համապատասխան:

3. Արդարադատության նախարարը մեկամսյա ժամկետում պետք է կազմի և վարչապետի աշխատակազմ ներկայացնի սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման, խորհրդի անհատական կազմն ու գործունեության կարգը հաստատելու նախագիծը:

4. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ վարչապետի 2019-ի դեկտեմբերի 30-ի «Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման գործընթաց սկսելու մասին» N 1986-Ա որոշումը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---