Շոյգուն՝ Պապիկյանին. Քայլեր են ձեռնարկվում Ասկերանում իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար

Շոյգուն՝ Պապիկյանին. Քայլեր են ձեռնարկվում Ասկերանում իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար

PanARMENIAN.Net - Մարտի 24-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում վերջին զարգացումները՝ կապված Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից շփման գիծը խախտելու, և դրա հետևանքով ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի հետ։ ՀՀ պաշտպանության նախարարը շեշտել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը։

Շոյգուն հավաստիացրել է, որ իրադրությունը գտնվում է ռուսական կողմի ուշադրության կենտրոնում և ձեռնարկվում են անհրաժեշտ քայլերը՝ դրա խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ։

Մարտի 24-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը:Պաշտպանության բանակի և Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր: Շտաբը հայտնել էր նաև, որ անվտանգության նկատառումներից ելնելով տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները:

Նշված էր նաև, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ շփման գծի պահպանությունը և այդ համայնքներում ապրող խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության տիրույթում:

Ավելու ուշ շտաբը հայտնեց, որ բանակցությունների և անվտանգային լրացուցիչ միջոցառումների արդյունքում ադրբեջանական զինված ուժերի շարժն այդ պահի դրությամբ կասեցված է, սակայն հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր:

Արցախի, ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում, մարտի լույս 8-ի գիշերը վնասվել էր գազատարը, ադրբեջանցիները խոչընդոտում էին աշխատանքներին: 8 օր շարունակ նրանց հետ բանակցություններ էին ընթանում ռուս խաղաղապահների մասնակցությամբ։ Մարտի 16-ին հայտարարվեց, որ ադրբեջանական կողմը սկսել է գազատարի նորոգումը, իսկ մարտի 18-ին՝ որ աշխատանքներն ավարտվել են, սակայն, գազը սկսել է մատակարարվել մարտի 19-ից։ Մարտի 21-ի երեկոյան հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։ «Մենք ունենք բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը»,-ասվում է ԱՀ տեղեկատվայան շտաբի հայտարարության մեջ։

Ավելի վաղ իրավիճակը ՊԲ և ադրբեջանական զինուժի շփման գծում սրվել էր։ Մարտի 9-ին օրվա ընթացքում, այնուհետև՝ ամբողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերով, պարբերաբար խախտել են հրադադարը։ Մարտի 10-ին Խրամորթում խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Ականը պայթել է տան բակում՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս։ Հակառակորդը ծանր տեխնիկա է կուտակել Խրամորթ գյուղի մոտ։ Ադրբեջանցի զինծառայողները պարբերաբար բարձրախոսներով «հորդորում են» մոտակա գյուղերի բնակիչներին հեռանալ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---