ՀՀ և Սլովակիայի կառավարութունները գործակցության համաձայնագիր են ստորագրվել

ՀՀ և Սլովակիայի կառավարութունները գործակցության համաձայնագիր են ստորագրվել

PanARMENIAN.Net - Երևանում ՀՀ և Սլովակիայի կառավարութունների միջև տնտեսական գործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ՀՀ-ում Սլովակիայի դեսպան Միրոսլավ Հացեկը։

Համաձայնագրով նախատեսվում է փոխշահավետ գործակցության զարգացում ու դիվերսիֆիկացում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական բոլոր ոլորտներում: Այն հնարավորություն է ընձեռում իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա երկու երկրի միջև զարգացնել և խորացնել երկարատև տնտեսական հարաբերություններ այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, էներգետիկան, գյուղատնտեսությունը, փոքր և միջին ձեռնարկատիրությունները, տրանսպորտն ու ենթակառուցվածքները, շրջակա միջավայրի պաշտպանությունը, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաները, և այլն։ Փաստաթղթով նախատեսվում է նաև ստեղծել միջկառավարական հանձնաժողով:

Փաստաթղթի ստորագրմանը նախորդել է նախարար Վահան Քերոբյանի և դեսպանի՝ երկու երկրի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ քննարկումը։ Քերոբյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Սլովակիայի հետ հարաբերությունների զարգացումը, և ընդգծել, որ ժամանակն է քայլեր ձեռնարկել երկկողմ հարաբերություններում առկա ներուժը գործնական հիմքերի վրա դնելու ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկայիս առաջնահերթությունները։ Այնուհետև կողմերը քննարկել են այն ոլորտները, որոնցում հնարավոր է ծավալել երկկողմ արդյունավետ համագործակցություն․ դրանք են՝ մետալուրգիա, մեքենաշինություն, միկրոէլեկտրոնիկա, քիմիայի ոլորտում՝ կաուչուկի արտադրություն, ոսկերչություն, տեքստիլ արդյունաբերություն, դեղագործություն։

Դեսպան Միրոսլավ Հացեկն առաջարկել է Եվրամիության անդամ երկիր Սլովակիան դիտարկել որպես եվրոպական հանգույց, որի միջոցով Հայաստանը կկարողանա իր տնտեսական կապն ամրապնդել նաև եվրոպական այլ երկրների հետ։ Նա նաև նշել է, որ Սլովակիայում Հայաստանը դիտվում է որպես զարգացման մեծ ներուժ ունեցող երկիր՝ բարձր որակավորված մարդկային ռեսուրսով՝ որպես հեռանկարային ոլորտ ընդգծելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի զարգացման աննախադեպ արագ ընթացքը։

Որպես գործակցության ուղղություն դեսպանն առանձնացրել է նաև գյուղատնտեսության ոլորտը, որը կարող է առանձնակի հետաքրքրել սլովակ գործարարներին։ Այս համատեքստում Հացեկը տեղեկացրել է, որ առաջիկայում պլանավորվում է Սլովակիայի արտաքին գործերի նախարարի այցը Հայաստան, ում կուղեկցեն նաև մի խումբ գործարարներ՝ Հայաստանում համագործակցության հնարավորությունների հաստատման նպատակով։

Հացեկը նաև նշել է, որ Հայաստանի լավ տնտեսական հարաբերությունները Իրանի հետ երկիրը դարձնում են էլ ավելի գրավիչ Սլովակիայի համար։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---