Փոխվարչապետը՝ ԱՊՀ նիստում․ ԼՂ կարգավորումը տարածաշրջանում խաղաղության հաստատման անբաժանելի մասն է

Փոխվարչապետը՝ ԱՊՀ նիստում․ ԼՂ կարգավորումը տարածաշրջանում խաղաղության հաստատման անբաժանելի մասն է

PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ղազախստանում ընթացող ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում ունեցած ելույթում ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորումը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման անբաժանելի մասն է, իսկ կայունության և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է անվերապահորեն և անհապաղ դուրս բերել ադրբեջանական զինված կազմավորումները Հայաստանի ինքնիշխան տարածքից:

Նա նշել է նաև, որ տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում Ադրբեջանի կողմից «միջանցքային թեմատիկայի» անընդհատ շահարկումը, այն իմաստով, որով այն շահարկվում է, միայն խոչընդոտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացումը։

«Ցանկանում եմ ընդգծել, որ այս հայտարարության իններորդ կետում «միջանցք» բառը ոչ մի տեղ չի հիշատակվում։ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ «միջանցք» բառն օգտագործվում է բացառապես Լաչինի միջանցքի առնչությամբ, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ու կենսագործունեությունը և որևէ կապ չունի տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման թեմայի հետ, և այս պայմանավորվածությունների միջև ցանկացած հորինված զուգահեռ դիտարկում ենք որպես հակաարդյունավետ:

Հայտարարության մեջ չկա Հայաստանի որևէ միակողմանի պարտավորություն՝ Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող նոր ճանապարհ կառուցելու վերաբերյալ։

Մենք միշտ առաջարկել ենք և առաջարկում ենք ապաշրջափակել տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերը՝ կողմերի ինքնիշխանության ու օրենսդրության հարգանքի հիման վրա՝ կառուցողական երկխոսության և արդյունավետ փոխշահավետ լուծումներ գտնելու միջոցով»,-ասել է փոխվարչապետը։

Գրիգորյանը հավելել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը երթուղավորելու և մարդկանց շփումը հնարավորինս մեկուսացնելու Ադրբեջանի ակնհայտ ձգտումը վկայում է այն մասին, որ ադրբեջանական կողմը չի հետապնդում տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու վերջնական նպատակ։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։

Հոկտեմբերի 27-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել է 220-ից ավելի զոհի և անհետ կորածի մասին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---