Վարչապետ․ Պատրաստ եմ Սոչիում փաստաթուղթ ստորագրել և ընդունել, որ ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում երկարացվի 10-20 տարով

Վարչապետ․ Պատրաստ եմ Սոչիում փաստաթուղթ ստորագրել և ընդունել, որ ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում երկարացվի 10-20 տարով

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համաժողովի ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է հոկտեմբերի 31-ին Սոչիում կայանալիք ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը փաստաթուղթ ստորագրել և ընդունել, որ ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում երկարացվի 10-20 տարով։

Նա ասել է, որ հայ հանրության շրջանում փորձ են անում տպավորություն ստեղծել, թե ԼՂ հարցով կա ռուսական առաջարկ, որը դրական է Հայաստանի համար ու կա արևմտյան առաջարկ, որը բացասական է Հայաստանի համար։

«Ասում են՝ Հայաստանի կառավարությունը մերժում է Ռուսաստանի ծրագիրն ու ընդունում է արևմտյան ծրագիրը: Կներեք, սա իրականության հետ ոչ մի կապ չունի։ Այն, որ կա ռուսական ու արևմյան ընկալում՝ ճիշտ է, իսկ Հայաստանը ռուսական ընկալման հետ համաձայնվել է ու սկզբունքային պայմանավորվածություն ձեռք է բերել 2021 թվականի հունվարին։ Այդ պայմանավորվածությունների անկյունաքարային դրույթը եղել է, որ ՌԴ-ն Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի անվտանգության երաշխավորն է։ Սա շատ կարևոր նրբություն է, ու մենք պայմանավորվել ենք այդ սցենարի ու պլանի շուրջ», - ասել է ՀՀ վարչապետը, գրում է Aysor.am-ը։

Նա նշել է, թե սեպտեմբերին Հայաստանը համաձայնություն է տվել ռուսական պլանի իրագործմանը:

«Ես ասում եմ, որ երկուշաբթի օրը Սոչիում կայանալիք հանդիպմանը պատրաստ եմ պաշտոնապես ընդունել, ստորագրել 15 կետերի հիման վրա համաձայնության հասնելու փաստաթուղթը, այսինքն՝ այդ փաստաթուղթն ընդունել հիմք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար»,- ասել է Փաշինյանը:

Նա հայտարարել է, որ պատրաստ է Սոչիում ստորագրել փաստաթուղթն ու ընդունել, որ ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում երկարացվի 10-20 տարով:

«Ես պատրաստ եմ այդ թուղթը ստորագրել: Ես առաջարկում եմ, որ ՌԴ նախագահն այդ առաջարկով հանդես գա, եթե պետք է՝ ես հանդես կգամ այդ առաջարկով, բայց Ռուսաստանը պիտի պաշտպանի այդ առաջարկը, որովհետև ես չեմ կարող որոշել, որ ՌԴ խաղաղապահները այնտեղ պետք է մնան ինչ-որ ժամկետով։ Դա եռակողմ թուղթ է ու եթե մենք ու Ռուսաստանը համաձայնվենք, կլինենք մեծամասնություն», - ընդգծել է Հայաստանի վարչապետը:

Հոկտեմբերի 27-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ Հայաստանին առաջարկվող վաշինգտոնյան տարբերակը, ենթադրում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում։ Նա հավելել է․ «Եթե Հայաստանն այդպես է կարծում՝ խնդրեմ։ Մենք կաջակցենք հայ ժողովրդի ցանկացած ընտրության»։ ՌԴ նախագահը նաև ասել է, որ ՌԴ-ն չի պատրաստվում ոչինչ պարտադրել Հայաստանին, չի կարող և չի պատրաստվում ինչ-որ բան թելադրել, եթե հայ ժողովուրդն ու այսօրվա ղեկավարությունը որոշեն, որ պետք է ընտրել կոնկրետ տարբերակ։

Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի կունենա ՀայաստանիվարչապետՆիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Պուտինը նաև առանձնազրույցներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ։

Photo. AFP
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---