Հորդանանից գնված զենքը չի մատակարարվել, ՀՀ-ն տույժ է պահանջում![]() 3 նոյեմբերի 2022 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Ֆինանսների նախարարության պետական գնումների համակարգում, հրապարակվել է պաշտպանության նախարարության հայտարարությունը զենք արտադրող հորդանանական ընկերության հետ պայմանագիրը միակողմանի լուծելու վերաբերյալ։ Հայտարարությանը կից դրված է ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանի ստորագրությամբ նամակը՝ ուղղված «Ջադարա Էքուիփմենթ ընդ Դիֆենս Սիսթեմս» ընկերությանը, որում նշվում է, որ վերջինս չի մատակարարել 2021-ի օգոստոսի 6-ին կնքված պայմանագրով նախատեսված ապրանքը, որը պետք է արվեր դեռ 2021-ին։ ՊՆ-ն այս տարվա հոկտեմբերի 10-ին միակողմանի ամբողջությամբ լուծարել է պայմանագիրը և ընկերությունից պահանջում է ծանուցումը ստանալուց հինգ օրվա ընթացքում Հայաստանին փոխանցել 23.2 մլն դրամ՝ որպես տույժ, գրում է CivilNet․am-ը։ Նամակը հարթակում հրապարակվել է հոկտեմբերի 12-ին։ «Ջադարա Էքուիփմենթ ընդ Դիֆենս Սիսթեմս»-ը (Jadara Equipment & Defence Systems) հորդանանական ընկերություն է, որը զբաղվում է զենքի արտադրությամբ։ Այն Հորդանանի ՊՆ-ին կից գործող Հորդանանի նախագծման և մշակման բյուրոյի դուստր ձեռնարկություն է։ Ընկերությունն առավել հայտնի է կարճ և միջին հեռահարության հակատանկային համակարգերով, մասնավորապես, ռուսական ՁՀՆ-32 (РПГ-32) ձեռքի հակատանկային նռնականետերի արտադրությամբ, որոնք Հորդանանում ստացել են «Նաշշաբ» անվանումը։ Զենքի մասերը լիցենզիայի հիման վրա նախկինում ներկրվում էին Ռուսաստանից։ Տարիների ընթացքում մասերի զգալի մասն արդեն տեղում է արտադրվում, սակայն Ռուսաստանից կախվածությունը շարունակում է որոշիչ մնալ։ Այս նռնականետը կիրառվում է Հորդանանի զինուժի կողմից, ինչպես նաև արտահանվել է Եգիպտոս, Իրաք, ԱՄԷ և Թունիս։ Ընկերությունը նաև արտադրում է «Տերմինատոր» անվանումով հակատանկային համակարգը, որը, ըստ որոշ աղբյուրների, հիմնված է ուկրաինական «Կորսար» համակարգի վրա կամ դրա կրկնօրինակն է։ «Ջադարա»-ի մյուս արտադրանքներն են՝ օպտիկական, գիշերային տեսանելիության և ջերմատեսիլ սարքեր, դիպուկահար հրացան։ Ապրանքի մատակարարման ձախողման պատճառներից կարող է լինել «Ջադարաի» համագործակցությունն Ադրբեջանի հետ։ 2022-ի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ ընկերությունը և Ադրբեջանի ՊՆ-ն համատեղ մշակել են 152 մմ տրամաչափով հակատանկային Terminator-FM հրթիռային համակարգը։ Հեղինակավոր Jane’s ռազմական պարբերականի փոխանցմամբ՝ դրա համատեղ մշակումը սկսվել է 2021-ին։ Հայաստանը Հորդանանից սկսել է զենք ձեռք բերել առնվազն չորս տարի առաջ՝ 2018-ին։ Ըստ Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) զենքի առևտրի տվյալների բազայի՝ 2018 թվականին Հայաստանը Հորդանանից ձեռք է բերել սովետական արտադրության չորս «Օսա-ԱԿ» (Оса-АК) զենիթահրթիռային համալիր և այդ համալիրների համար 120 միավոր 9М33 հրթիռ։ Դրանք մատակարարվել են 2019-ին, ինչի մասին հանրայնացվեց 2019-ի դեկտեմբերին։ Այն, որ դրանք ձեռք են բերվել Հորդանանից, հաստատել են ՊՆ աղբյուրները։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |