ԱԽ քարտուղար․ ՌԴ-ն ՀՀ-ին ստիպում է միջանցք տալ, անդամակցել միութենական պետությանը

ԱԽ քարտուղար․ ՌԴ-ն ՀՀ-ին ստիպում է միջանցք տալ, անդամակցել միութենական պետությանը

PanARMENIAN.Net - Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրայինի եթերում հայտարարել է, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումը, ինչպես նաև Լաչինի միջանցքի փակումը Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա բանեցվող ճնշումների շրջանակում են։ Գրիգորյանի պնդմամբ՝ վերջին շրջանում վառ արտահայտվող հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամի հիմնական պատճառը հենց սա է։

Իշխանությունն առաջին անգամ ամենաբարձր մակարդակով հայտարարում է՝ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը ստիպում է Հայաստանին իր սուվերեն տարածքով միջանցք տրամադրել Ադրբեջանին, ինչպես նաև անդամակցել Ռուսաստան-Բելառուս ձևավորվող միութենական պետությանը, գրում է «Ազատությունը»։

«Այդ լայն կոնտեքստը, այսպես ասած, Ադրբեջանին աջակցելու, Հայաստանի տարածքով այսպես կոչված միջանցքային տրամաբանության որևէ ճանապարհ ստանալու կոնտեքստում է: Հայաստանը շարունակում է դիմադրել սրան: Ի դեպ, կարող եմ հստակ ասել, որ սեպտեմբերի 13-ի սրացումը նաև փոխկապակցված է սրա հետ, և ամբողջ ճգնաժամի հենքը կամ դրդապատճառը հիմնական սա է», - հայտարարել է Գրիգորյանը:

Այն հարցին, թե «այս ամենը միջանցքի՞ համար է», Անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանել է. «Նաև: Այսինքն՝ արտատարածքային միջանցք՝ Հայաստանի տարածքում»:

Այն դիտարկմանը, թե «այս ճնշումն էլ, որ Լաչինում որ կա, այս իրադարձությունները»՝ Գրիգորյանն արձագանքել է․ «Բնականաբար, դրա մասին է այդ ամբողջ ճնշումները»:

Անվտանգության խորհրդի քարտուղարը նաև առաջին անգամ հաստատել է իշխանական որոշ պատգամավորների շուրթերով հնչող այն պնդումը, որ Ռուսաստանը ստիպում է Հայաստանին անդամակցել միութենական պետությանը։ Գրիգորյանը պնդել է, որ Հայաստանը դիմադրում է ռազմավարական դաշնակցի այդ ցանկությանը և պատասխան է ստանում ռազմական ճնշումների ձևով։

Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է՝ Սահմանադրությամբ Հայաստանը ինքնիշխան պետություն է և մնալու է այդպիսին, իսկ սուվերությունը պաշտպանելը այս իշխանության առաքելությունն է։

«Միութենական պետության հետ կապված՝ բնականաբար, Հայաստանի հանդեպ ճնշումները նաև այստեղից են գալիս: Եվ Հայաստանի ժողովրդավարությունը և ժողովրդավարական համակարգը, երբ որ դիմադրում է դրան, ապա ստանում է այլ տեսակի ճնշումներ՝ ռազմական տեսքով», - հայտարարել է Գրիգորյանը:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---