Փաշինյան․ Ադրբեջանը շարունակաբար կիրառում է գազային ճնշման գործիքը

Փաշինյան․ Ադրբեջանը շարունակաբար կիրառում է գազային ճնշման գործիքը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված վիճակին, ասել է, որ շրջափակումից բացի Բաքուն շարունակաբար կիրառում է նաև գազային ճնշման գործիքը։

«Ադրբեջանը փակել է նաև ԼՂ-ն սնուցող գազի խողովակը, հետո բացել 10 տոկոսով, հետո նորից փակել և այսպես շարունակ։ Ադրբեջանը շարունակաբար կիրառում է նաև գազային ճնշման գործիքը։ ԼՂ կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որը սահմանվել է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ և որի անխափան գործունեության գրավոր երաշխիքներ են տվել Ադրբեջանն ու ՌԴ-ն, փակ է արդեն 46 օր»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամը ծավալվում է ամբողջ թափով

Վարչապետը նշել է, որ ԼՂ մանկապարտեզների մոտ 6000 սան, դպրոցների մոտ 19,000 աշակերտ, բուհերի մոտ 6800 ուսանող արդեն մեկ ամիս է՝ զրկված է կրթության իրավունքից։ Փաշինյանը շեշտել է, որ մանկապարտեզները չեն աշխատում նաև սննդի բացակայության պատճառով։

Նա հավելել է, որ մարդիկ կտրոններով են ձեռք բերում առաջին անհրաժեշտության ապրանքները և հիշեցրել է, որ Ադրբեջանը խափանել է նաև Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի աշխատանքը։

«Այս ամենով Ադրբեջանը մեկ նպատակ է հետապնդում՝ կոտրել սեփական հայրենիքում ապրելու ԼՂ հայության կամքը։ Բաքվի պլանը հետևյալն է՝ ԼՂ-ում տնտեսական, հոգեբանական ճնշումը հասնցել մի կուլմինացիոն կետի, որից հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալեով, որ ԼՂ բնակիչները զանգածաբար կհեռանան իրենց տներից, հետո նորից փակել՝ այնքան ժամանակ, մինչև վերջին հայը կլքի ԼՂ-ն»,-ասել է վարչապետը՝ դա համարելով էթնիկ զտման բացահայտ քաղաքականություն։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է, հետո միացվել է 1 օրով թույլ ճնշմամբ և հունվարի 21-ի երեկոյան կրկին ամբողջությամբ արգելափակել։ Հունվարի 25-ին գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---