Փաշինյան․ Լաչինը բացելու գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից պետք է հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների

Փաշինյան․ Լաչինը բացելու գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից պետք է հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով Արդարադատության միջազգային դատարանի կողմից Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոցներ կիրառելու Հայաստանի պահանջի բավարարմանը, ասել է, որ այդպիսով Հաագայի դատարանն արձանագրել է Ադրբեջան պետության պատասխանատվությունը Լաչինի միջանցքի փակման համար։

Նա շեշտել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պետք է հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների։

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման կապակցությամբ ՀՀ-ն հրատապ կերպով դիմել էր Արդարադատության միջազգային դատարան Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակներում ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին պահանջով՝ դատարանին խնդրելով պարտավորցնել Ադրբեջանին դադարեցնել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը: Ադրբեջանի կողմից հայելային պահանջ էր ներկայացվել ընդդեմ Հայաստանի, որ վերաբերում էր Հայաստանի կողմից ականների ենթադրյալ տեղադրումներին:

Նա հավելել է, որ պարտադիր իրավական ուժ ունեցող որոշմամբ, դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել իրեն հասու բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Վարչապետը նշել է նաև՝ դատարանը շեշտել է, որ իր որոշումը պարտադիր իրավական ուժ է առաջացնում Ադրբեջանի համար:

«Սա չափազանց կարևոր որոշում է, որի զուտ իրավական մեկնաբանությանը մասնագետ իրավաբաններն անդրադարձել են, բայց ես կուզեմ անդրադառնալ այդ որոշման քաղաքական ազդեցությանն ու նշանակությանը:

Արդարադատության միջազգային դատարանն արձանագրեց, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքը փակ է: Սա կարող է մեր հանրությանը տարօրինակ արձանագրում թվալ այն իմաստով, որ Լաչինի միջանցքի փակ լինելն ակնհայտ է բոլորիս համար, բայց Ադրբեջանը բոլոր միջազգային ատյաններում պնդում էր, որ Լաչինի միջանցքը փակ չէ: Ինչքա՞ն էին միջազգային հանրության ներկայացուցիչները հավատում, դա ուրիշ հարց է: Բայց սրանով արձանագրվեց միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու Ադրբեջանի գործելակերպը, և դա արձանագրեց համաշխարհային բարձրագույն դատական ատյանը:

Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ դատարանն արձանագրեց Ադրբեջան պետության պատասխանատվությունը Լաչինի միջանցքի փակման համար, ըստ էության, լուրջ չհամարելով միջանցքն էկոակտիվիստների կողմից փակելու հանգամանքը, և հենց Ադրբեջանին պարտավորեցրեց բացել միջանցքը:

Հաջորդ արձանագրումը՝ դատարանը վերահաստատեց ՀՀ դիրքորոշումը, որ 2020 թվականի նոյմեբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը չպետք է լինի Ադրբեջանի վերահսկողության ներքո, և Ադրբեջանը նույն փաստաթղթով պարտավոր է երաշխավորել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը Լեռնային Ղարաբաղից դեպի Հայաստան և Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ, և Լաչինի միջանցքը պետք է լինի Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո: Ըստ էության, դատարանն արձանագրեց, որ սա Ադրբեջանի պարտավորությունն է՝ միջազգային պարտավորությունը»,-ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ մյուս կարևոր հանգամանքն այն է, որ դատարանը հստակ արձանագրել է Լեռնային Ղարաբաղ միավորի գոյությունը՝ համաձայն 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ըստ այդմ՝ նաև տվյալ հայտարարությանն ու նրա դրույթներին: Այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի և շփման գծի առկայության վերաբերյալ տրվել է միջազգային իրավական նշանակություն:

Վարչապետը հավելել է, որ դատարանն արձանագրել է, որ Լաչինի միջանցքի փակման հետևանքով խաթարվել են սննդի, դեղամիջոցների, առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումները Լեռնային Ղարաբաղին, սահմանափակվել է էթնիկ հայերի հասանելիությունը մի շարք կենսական բժշկական ծառայություններին՝ այսպիսով հաստատելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի առկայության փաստը:

«Դատարանը համարեց, որ Հայաստանը բավարար ապացույցներ չի ներկայացրել, որ հենց Ադրբեջանն է Լեռնային Ղարաբաղում բնական գազի և էլեկտրական հոսանքի մատակարարումների դադարեցումների մեղավորը: Իհարկե, նման վիճակի պատճառն այն է, որ Լեռնային Ղարաբաղին գազ մատակարարող խողովակի փականը գտնվում է Հայաստանի համար ոչ հասանելի տեղում: Նույնը կարելի է ասել նաև էլեկտրական հոսանքի անջատման կետի մասին: Այստեղ, իսկապես, ուղղակի անհերքելի ապացույցներ Հայաստանը չի կարողացել ներկայացնել: Բայց սա նաև նշանակում է, որ այն պահին, երբ մենք կկարողանանք ձեռք բերել ուղղակի ապացույցներ, այդ հիմքով կկարողանանք նորից դիմել դատարանին և հավանականությունը, որ դատարանը կբավարարի նաև այս հայցապահանջը, մեծ կլինի: Այս պահին, չնայած, Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումն իրականացվում է լիարժեք:

Ասացի արդեն, որ Արդարադատության միջազգային դատարանը միանշանակ և աներկբա մերժել է Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու Ադրբեջանի պահանջը, որով Ադրբեջանը Հայաստանին մեղադրում էր ինչ-որ ականապատումների մեջ: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ արդեն մի քանի ամիս բոլոր միջազգային հարթակներում Հայաստանի դեմ ծավալվող անհիմն մեղադրանքներն ականապատումների մասին, փլուզվեցին, և սա չափազանց կարևոր է:

Վերադառնալով Լաչինի միջանցքը բացելու Ադրբեջանի պարտավորությանը՝ սահմանված դատարանի կողմից, պիտի ընդգծեմ, որ Արդբեջանը պետք է տեսանելի ջանքեր գործադրի, միջոցներ ձեռնարկի Լաչինի միջանցքը բացելու համար: Ամենասկզբում և ամենապրիմիտիվ քայլը կարող է լինել, օրինակ, իշխանության ամենաբարձարգույն օղակից՝ Լաչինի միջանցքը բացելու կոչ պահանջ հնչեցնելը «էկոակտիվիստներին»: Ամեն դեպքում, Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների»,-ասել է Փաշինյանը։ :

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---