Չեխիայում ձերբակալվել է հայ «օրենքով գող»

PanARMENIAN.Net - Նախօրեին Չեխիայի ՆԳՆ Կազմակերպված հանցագործության հայտնաբերման վարչության ղեկավարությունը հայտարարել է Պրահայում հայկական հանցավոր խմբավորման չորս մասնակիցների, այդ թվում` մեկ «օրենքով գողի» ձերբակալման մասին: Չորս չարագործներ ձերբակալվել են մարտի 23-ին «Վոլֆրամ» օպերացիայի շրջանակներում, հինգերորդ ավազակին հաջողվեց բռնել Սլովենիայում: Հետաքննության շահերից ելնելով` ձերբակալվածների ազգանունները չեն հրապարակվում, PanARMENIAN.Net ին հաղորդել են «Փրայմ Թայմ»-ից:



Ոստիկանության տվյալներով, հանցավոր խմբավորումը մասնագիտանում էր Չեխիայում ու հարեւան Ավստրիայում լիզինգային ավազակությունների գործում: Բացի այդ, խմբավորման առաջնորդ, «օրենքով գողին» կասկածում են չեխական Sazka ընկերության վարորդի սպանության կազմակերպմանը եւ 2007թ. նոյեմբերին Պրահայում հայ ձեռնարկատիրոջ մահափորձին մասնակցելու հարցում:



Նոյեմբերի 13-ին Վացլավյան հրապարակում ավազակները դանակահարեցին հայ բիզնեսմենին եւ չքվեցին հանցանքի վայրից, իսկ նոյեմբերի 27-ին սխալմամբ գնդակոծեցին Bentley-ի վարորդին, որը վարում էր նույնպիսի ավտոմեքենա, ինչպիսին վարում էր ենթադրվող զոհը: Հանցագործներից մեկը մինչ օրս ազատության մեջ է, մյուս երկուսը 2007թ. դեկտեմբերից եւ 2008թ. դեկտեմբերից հսկողության տակ են:



Ձերբակալված «օրենքով գողը» 40-ամյա Անդրանիկ Սողոյանն է, որը հանցավոր շրջանակներում ավելի շատ հայտնի է Զապ մականունով (նա այդպիսի մականուն է ստացել դեռեւս մանուկ ժամանակ «Զապորոժեց» մակնիշի ավտոմեքենաների առաջին մոդելներից մեկին արտաքնապես նմանվելու համար): Օպերատիվ տվյալներով, ծնունդով ծնունդով Լենինականից (ներկայիս` Գյումրի) Անդրանիկ Սողոյանը 1994թ. «թագադրվել է» Մոսկվայում Նիկոլ մականունով «օրենքով գող» Նիգալ Բարսեղյանի խորհրդով:



2006թ. սեպտեմբերին Զապը ձերբակալվեց «Ռիո» խաղատանը «օրենքով գող» Տեմուրի Միրզոեւի հետ միասին: Նրան ներկայացվեց ՌԴ տարածքում ապօրինի գտնվելու մեղադրանք: 2006թ. դեկտեմբերին Սոչիի Խոստինյան շրջանային դատարանի որոշմամբ Սողոյանը տեղափոխվեց Չեխիա: Եթե դատարանում հանցագործություններ կազմակերպելու գործում նրա մեղքն ապացուցվի, նրան սպառնում է մինչեւ 25 տարվա ազատազրկում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---