Փաշինյան․ Ավելի հրատապ է դառնում ԼՂ և Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը

Փաշինյան․ Ավելի հրատապ է դառնում ԼՂ և Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով մարտի 5-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված ահաբեկչական գործողությանը, նշել է, որ ավելի ու ավելի հրատապ է դառնում Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղման անհրաժեշտությունը։

Ցավակցություն հայտնելով զոհված ոստիկանների հարազատներին և ծառայակիցներին՝ Փաշինյանն ընդգծել է, որ նրանք երեքն էլ ծնվել են Լեռնային Ղարաբաղում:

«Այս հանգամանքը հատուկ կարևորություն է ստանում 2023 թվականի փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովում Ադրբեջանի նախագահի արած մի հայտարարության ֆոնին: Իսկ Ադրբեջանի նախագահը Մյունխենում ընդունել էր, որ գոյություն ունի միջազգային պայմանավորվածություն, համաձայն որի՝ իրենք պետք է Լեռնային Ղարաբաղի հայության ներկայացուցիչների հետ քննարկեն վերջիններիս իրավունքների և անվտանգության հարցը: Ադրբեջանի նախագահը սակայն ընդգծել էր, թե այդ քննարկումներն իրենք պատրաստվում են ունենալ Լեռնային Ղարաբաղում ծնված և ապրած մարդկանց հետ:

Մարտի 1-ին Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի կենտրոնակայանում տեղի էր ունեցել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, և, ահա, այդ հանիպումից չորս օր անց Ադրբեջանը ձեռնարկեց նկարագրված սադրանքը, որն այլ կերպ, քան ահաբեկչական ակտ դժվար է որակել: Այդ ահաբեկչական ակտի զոհ գնացին Լեռնային Ղարաբաղում ծնված, Լեռնային Ղարաբաղում ընտանիքներ կազմած՝ երեք, երկու և մեկ երեխաներ ունեցող երեք քաղաքացի:

Մարտի 5-ի ահաբեկչությամբ Ադրբեջանը մի քանի նպատակ է հետապնդում: Առաջինը՝ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ հետագա բանակցությունների վիժեցումն ու նոր ռազմական սադրանքի համար անհրաժեշտ ֆոն ստեղծելն է: Այս առումով, պիտի ընդգծեմ, որ Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարությունը երեկ հանդես է եկել հայտարարությամբ՝ արտահայտելով պատրաստակամություն շարունակելու խոսակցությունն Ադրբեջանի հետ, և սա չափազանց կարևոր հայտարարություն է:

Կարծում եմ՝ անհրաժեշտ է միջազգային հուսալի մեխանիզմներ ստեղծել, որ Բաքու-Ստեփանակերտ անխափան և ինստիտուցիոնալ խոսակցություն տեղի ունենա, և սա վերը հիշատակված միջազգային պայմանավորվածության իրացման արդյունավետ երաշխիք կարող է դառնալ:

Մարտի 5-ի սադրանքի հաջորդ նպատակն էր՝ ստեղծել կեղծ ապացույցներ, թե Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ զենք, զինամթերք է տեղափոխվում: Այս թեման Ադրբեջանի համար կարևոր է հատկապես Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումից հետո, երբ դատարանը միանշանակ և աներկբա մերժեց Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու Ադրբեջանի պահանջը, որով Ադրբեջանը Հայաստանին մեղադրում էր ականապատումներ իրականացնելու մեջ: Այդ մերժմամբ արդեն մի քանի ամիս բոլոր միջազգային հարթակներում Հայաստանի դեմ ծավալվող անհիմն մեղադրանքներն ականապատումների մասին փլուզվեցին, և սա չափազանց կարևոր էր»,-ասել է Փաշինյանը:

Նա հավելել է, որ Ադրբեջանը մարտի 5-ի միջադեպը փորձ էր անում ներկայացնել որպես Հայաստանից Լեռնային Ղարաբաղ զենք, զինամթերք տեղափոխելու ապացույց, ինչը չստացվեց երկու պատճառով:

«Նախ՝ ոստիկանության ՈՒԱԶ-ը ոչ թե գնում էր դեպի Ստեփանակերտ, այլ Ստեփանակերտից էր դուրս եկել: Եվ երկրորդը՝ Ադրբեջանի հարձակումը և նաև ՈՒԱԶ մեքենայի հետագիծը Ստեփանակերտից մինչև դեպքի վայր նկարահանվել էր Լեռնային Ղարաբաղի Ներքին գործերի նախարարության տեսախցիկների կողմից, ինչից ակնհայտ էր դառնում, որ ոստիկանական ավտոմեքենայում բացի փաստաթղթերից և տաբելային զենքից որևէ այլ բան չի եղել:

Ադրբեջանի հաջորդ կարևոր նպատակը հետևյալն էր՝ արյունոտ ահաբեկչությամբ ձևավորել նոր խոսույթներ, տեղեկատվական նորանոր հոսքեր, որոնք կծածկեն կարևորագույն մի փաստ՝ այն, որ Ադրբեջանը բացահայտ կերպով չի կատարում համաշխարհային բարձրագույն դատական ատյանի՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ:

Հիշեցնեմ, որ պարտադիր իրավական ուժ ունեցող որոշմամբ, դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել իրեն հասու բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Դատարանը շեշտել էր, որ իր որոշումը պարտադիր իրավական ուժ է առաջացնում Ադրբեջանի համար: Եվ, ահա, այս որոշումը շուրջ 15 օր չի կատարվում, և սա բացառապես Ադրբեջանի պատասխանատվությունն է»,-ասել է վարչապետը։

Նա նշել է, որ հակառակը՝ Ադրբեջանը գնում է նորանոր սադրանքների իրադրությունը Լեռնային Ղարաբաղում էլ ավելի սրելու համար:

«Այս ամենի ընդգծումով ավելի ու ավելի հրատապ է դառնում Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղման անհրաժեշտությունը կանխելու համար Ադրբեջանի կողմից ագրեսիայի նոր սանձազերծումը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին էթնիկ զտումների ու ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունները, որոնք արտահայտվում են միջազգային դատարանների որոշումները չկատարելով, Լաչինի միջանցքը փակ պահելով, ռազմական սադրանքներ և ահաբեկչական գործողութուններ ձեռնարկելով:

Միևնույն ժամանակ, հարկ եմ համարում վերահաստատել Հայաստանի Հանրապետության տարածաշրջանում խաղաղության հասնելու ձգտումը և հավատարմությունը խաղաղության օրակարգին»,-ասել է Փաշինյանը։

Մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող՝ փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյանը: Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ:

Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարել է, որ տարածքային կորուստներ չկան՝ նման լուրերը սուտ են։ Ադրբեջանը հայտնել է 2 զոհի մասին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---