Միրզոյանն՝ ԱՊԼ նիստում․ Ադրբեջանը մանիպուլացնում է և փորձում կրոնական երանգ հաղորդել ԼՂ հիմնախնդրին

Միրզոյանն՝ ԱՊԼ նիստում․ Ադրբեջանը մանիպուլացնում է և փորձում կրոնական երանգ հաղորդել  ԼՂ հիմնախնդրին

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) խորհրդի նախարարական մակարդակով 159-րդ նիստում գոհունակություն է հայտնելով հայ և արաբ ժողովուրդների դարավոր բարեկամության կապակցությամբ՝ նշելով, որ պատմության ամբողջ ընթացքում նրանք ապրել են կողք կողքի և կիսել միմյանց ուրախությունն ու վիշտը:

Միրզոյանը հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակաբար մանիպուլացնում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցերն ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը միջազգային տարբեր հարթակներում՝ հատկապես այն կազմակերպություններում, որտեղ Հայաստանը ներկայացված չէ, ինչպիսիք են Իսլամական համագործակցության կազմակերպությունը և Չմիավորման շարժումը՝ փորձելով դրանց տալ կրոնական երանգ և օգտագործելով իսլամական համերաշխության զգայուն գաղափարախոսությունը:

Նա ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումներն ու ակնկալիք հայտնել, որ նման փորձերը կմերժվեն և բարեկամ արաբական երկրներին չեն ներքաշի կրոնական տարաձայնությունների դաշտ։

Միրզոյանը հավելել է, որ պետք է կանխել բացառապես քաղաքական և հումանիտար բնույթի խնդիրներին կրոնական երանգ հաղորդելու հետագա ցանկացած փորձ։

«20-րդ դարասկզբի ողբերգական իրադարձությունների ժամանակ հազարավոր հայեր, փրկվելով 1915թ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունից, ապահով ապաստան գտան արաբական երկրներում: Այդ դժվարին ժամանակահատվածում հայերին հնարավորություն տրվեց ապրել և արարել իրենց հյուրընկալած արաբական երկրներում: Այս վերաբերմունքը հայ ժողովուրդը երբեք չի մոռանա: Եվ ես հպարտ եմ, որ մեր հայրենակիցները մեծ ներդրում ունեցան տարբեր բնագավառներում այդ արաբական երկրների առաջընթացի և զարգացման գործում:

Ցանկանում եմ արձանագրել, որ Հայաստանը, հանդիսանալով հին քաղաքակրթությունների բնօրրան, պահպանել է նաև իսլամական ժառանգությունը, ինչի վառ օրինակն են այն հազարավոր ձեռագրերը, որոնք պահվում են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում: Մեր մայրաքաղաք Երևանի կենտրոնում մենք հպարտորեն պահպանում և ցուցադրում ենք արաբական ձեռագրեր, որոնք ներառում են արաբական գեղագրության այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են Սուրբ Ղուրանի առաջին գրերը, կրոնական, փիլիսոփայական, պատմագիտական, բանասիրական բովանդակության հազվագյուտ գրքերը:

Հայաստանը և արաբական երկրները սերտ հարաբերություններ և արդյունավետ համագործակցություն են հաստատել նաև պետական մակարդակով։ Հայաստանի և արաբական երկրների միջև լիակատար փոխըմբռնում կա կարևոր հիմնախնդիրների, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում խաղաղության գործընթացի շուրջ:

Մեր տարածաշրջանում Հայաստանը բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ՝ քննարկելով երկու երկրների հարաբերությունների կարգավորման հարցեր՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման նպատակով:

Հակիրճ ելույթում չեմ ցանկանում ձեզ ծանրաբեռնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ լայնածավալ ագրեսիաներին մանրամասներով: Ես չեմ ուզում նաև, որ դուք հայտնվեք փոխադարձ մեղադրանքների և վեճերի տիրույթում: Փոխարենը, կներկայացնեմ ամբողջական գործընթացի ընդհանրական պատկերը:

Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը մերժում է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը և փորձում է հարևանների հետ բանակցել կառուցողական դիրքերից և հավատարիմ է բոլոր չկարգավորված խնդիրներին դիվանագիտության միջոցով արդարացի լուծումներ գտնելուն։ Մեր անկեղծ ջանքերին ի պատասխան, Ադրբեջանը շարունակում է իր ատելության խոսքն ու այլատյացության հռետորաբանությունը, ինչպես նաև ագրեսիվ և առավելապաշտական գործողությունները»,-ասել է նա։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---