Վարչապետ․Ադրբեջանն ամեն ինչ անում է՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը վիժեցնելու համար

Վարչապետ․Ադրբեջանն ամեն ինչ անում է՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը վիժեցնելու համար

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալվող իրադարձություններում անհանգստացնում է նաև այն, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը վիժեցնելու համար:

«Ի հեճուկս միջազգային մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների՝ ընդամենը երկու հանդիպումից հետո Ադրբեջանը հայտարարում է, թե Լեռնային Ղարաբաղի հայերի հետ քննարկելու է վերաինտեգրման թեման: Մինչդեռ միջազգային պայմանավորվածությունն այն մասին է, որ քննարկումը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության մասին»,-ասել է նա։

Վարչապետը հավելել է, որ այս ֆոնին առավել կարևոր է դառնում Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմի գործարկումը, որովհետև հիմա արդեն ակնհայտ է, որ առանց նման մեխանիզմի օրակարգը կձախողվի, մոռացության կմատնվի Բաքվի կողմից:

Փաշինյանը նշել է նաև, որ շարունակվում են աշխատանքները Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու ուղղությամբ:

«Կարծում եմ՝ փաստահավաք առաքելությունը կարևոր է նաև հասցեագրելու Ադրբեջանի անհիմն պնդումները, թե Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ ունի, և որ Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ ռազմական փոխադրումներ են իրականացվում: Այս պնդումներն անհիմն են, և Ադրբեջանը փորձում է դրանք տարածաշրջանային ռազմական էսկալացիայի նոր պատրվակ դարձնել: Հետևաբար, միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք նաև այս առումով է դառնում անհրաժեշտություն:

Ինչպես նշեցի նախորդ օրը տեղի ունեցած իմ ասուլիսում, այս թեմայով խոսակցություն տեղի է ունեցել նաև հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի և իմ հանդիպման ժամանակ: Ադրբեջանի նախագահը պնդում էր, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ ունի, ես պնդում էի, որ չունի, նա պնդում էր, որ ունի: Ես առաջարկեցի հարցը պարզաբանելու համար միջազգային փաստահավաք առաքելություն գործուղել Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջանի նախագահը հրաժարվեց»,-ասել է վարչապետը։

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղում կա Պաշտպանության բանակ, և այնքան ժամանակ, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա կախված է էթնիկ զտումների և ցեղասպանության վտանգը, այդ բանակի գոյությունը, այո՛, արդարացված է:

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ի պատասխան Ադրբեջանի և ԱՀ ներկայացուցիչների միջև Բաքվում հանդիպում անցկացնելու մասին ադրբեջանական առաջարկի՝ հայտնելով, որ նման հանդիպումներ կարող են տեղի ունենալ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ, նույն վայրում՝ ինչպես մարտի 1-ին, հումանիտար, ենթակառուցվածքային, տեխնիկական հարցերի շուրջ, առանց դրանց անհարկի քաղաքականացման:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---