Վարչապետ․ ՀՀ-ն ևս պատրաստ է ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայմանը

Վարչապետ․ ՀՀ-ն ևս պատրաստ է ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայմանը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ ոչ միայն Ռուսաստանը, այլև Հայաստանը ևս պատրաստ է, որ ՀՀ սահմանին ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայվի։

«Մենք մեր մտահոգությունների շրջանակը գծել ենք և, ըստ էության, մեր մղումն այն է, որ հնարավոր առաքելությունը լինի արդյունավետ։ Սա կարևոր է և՛ Հայաստանի, և՛ ՀԱՊԿ-ի, և՛ տարածաշրջանի համար, մենք այդ ուղղությամբ շարունակում ենք աշխատել», - ասել է վարչապետը, հայտնում է Aysor.am-ը։

Ինչ վերաբերում է ԵՄ դիտորդների աշխատանքին՝ Փաշինյանն ասել է, թե պետք է տարբերել ՀԱՊԿ և ԵՄ առաքելությունները։

«ՀԱՊԿ-ն ունի անվտանգային պարտավորություններ ՀՀ-ի նկատմամբ, ՀՀ-ն էլ ունի պարտավորություններ, որը, մասնավորապես, 2022 թվականին և որպես նախագահող, և որպես մասնակից երկիր լիարժեք կատարել է։ Եվ ԵՄ առաքելությունը մի հարթության մեջ դնել ՀԱՊԿ առաքելության հետ՝ չի կարելի։ Հետևաբար, մեր ակնկալիքները ՀԱՊԿ առաքելությունից պետք է շատ ավելի բարձր լինեն, քան ԵՄ առաքելությունից»,-ասել է նա։

Դիտարկմանը, թե ԵՄ դիտորդները հասցեական գնահատական չեն տվել Տեղ համայնքում տեղի ունեցածի վերաբերյալ՝ Փաշինյանն արձագանքել է, որ քաղաքական շատ հստակ արձանագրում է արված։

«Կարծում եմ, որ ԵՄ հայտարարության մեջ էմոցիոնալ առումով գնահատական չկար, բայց քաղաքական շատ հստակ արձանագրում է արված այն մասին, որ 1991 թ. սահմանը պետք է պահպանվի, և մենք համաձայն ենք դրա հետ։ Դա նշանակում է, որ արձանագրվել է ՀՀ պետական սահմանի խախտումը»,-ասել է վարչապետը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները պատրաստ են դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան, իսկ տեղակայման ժամկետները կախված են հայկական կողմից դեպքում։Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ առաքելություն գործուղելու առաջարկը դեռևս ուժի մեջ է մնում։

Նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, քանի որ այն բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել։ ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ավելի ուշ հայտնել էր, որ որպես օգնություն Հայաստանին առաջարկվել են քաղաքական-դիվանագիտական, ռազմական միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության գործուղում հայ-ադրբեջանական սահման և ռազմատեխնիկական աջակցություն։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---