Միրզոյան․ ԼՂ ժողովրդից բանակցելու մանդատ չենք ստացել

Միրզոյան․ ԼՂ ժողովրդից բանակցելու մանդատ չենք ստացել

PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասել է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդից բանակցելու մանդատ չի ստացել։

«Մենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից իրենց ապագան բանակցելու մանդատ չենք ստացել»,-ասել է Միրզոյանը։

Նա նշել է, որ կարգավորումն ամբողջական, երկարատև ու կայուն չի կարող լինել, եթե այդ կարգավորման շրջանակներում չի ստեղծվում մի հարթակ, որտեղ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը և պաշտոնական Բաքուն կարող են երկխոսել։

«Մենք իրավունք չունենք որոշելու նրանց կարգավիճակը, մենք այդպիսի հավակնություն չենք ներկայացրել և չենք էլ փորձում այդպիսի բան անել։ Միակ բանը, որ մենք փորձում ենք ապահովել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում, դա մի հարթակի ստեղծումն է, որտեղ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը և պաշտոնական Բաքուն կարող են բանակցել, երկխոսել բոլոր այն հարցերի շուրջ, որոնք կարևոր են ԼՂ ժողովրդի համար»,-ասել է նախարարը։

Նա հավելել է, որ քանի դեռ լուծված չեն արցախցիների անվտանգության և իրավունքների հետ կապված խնդիրները, որևէ կարգավորում չի կարող լինել արդյունավետ, ինչի վառ ապացույցն է արդեն 6 ամիս շարունակվող Արցախի շրջափակումը և այլ հարցերը։

«Այդ հարցերը պետք է քննարկվեն և հասցեագրվեն ոչ թե մեր, այլ ԼՂ ժողովրդի, ԼՂ ընտրված մարմինների և լիազոր ինստիտուտների կողմից։ Մենք պետք է փորձենք ապահովել այդ երկխոսության մեկնարկը, մեխանիզմն ու հարթակը»,- ասել է Միրզոյանը։

2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել , սակայն Ադրբեջանը մինչ օրս չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---