Սմբատյաններն ազատ են արձակվել գրավի դիմաց

Սմբատյաններն ազատ են արձակվել գրավի դիմաց

PanARMENIAN.Net - Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի տնային կալանքը փոխվել է գրավով։ Այդ մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Վարույթն իրականացնող մարմնի կողմից Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը փոխվել է։ Նա 100 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել»,– հայտնել է փաստաբանը։

Խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ որոշումը կայացվել է սեպտեմբերի 8–ին։

Սեպտեմբերի 14-ին «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Իսրայելում և ՌԴ–ում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանի խափանման միջոցը փոխվել է 100 մլն դրամ գրավի դիմաց։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը, գրում է Sputnik Արմենիան։

«Հսկող դատախազի որոշումն է։ Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների հիման վրա որոշում է կայացվել դատարանի կողմից ընտրված խափանման միջոցը փոխելու և Արմեն Սմբատյանի նկատմամբ 100 մլն դրամի չափով գրավ կիրառելու մասին: Նրա նկատմամբ համակցված այլընտրանքային մեկ այլ խափանման միջոց է կիրառվել՝ բացակայելու արգելքը»,– ասել է Մարտիրոսյանը։

Հուլիսի 30–ին հայտնի դարձավ, որ կալանավորվել են Իսրայելում և ՌԴ–ում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանն ու նրա որդին` դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Արմեն Սմբատյանին մեղադրանք է ներկայացվել 2003 թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախության կազմակերպիչ), իսկ Սերգեյ Սմբատյանին և գործարար Ա.Պ–ին՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն)։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---