Պատգամավոր. Ապօրինի միգրանտները գալու են, լցվեն Հայաստան

Պատգամավոր. Ապօրինի միգրանտները գալու են, լցվեն Հայաստան

PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը, անդրադառնալով Times պարբերականի հրապարակմանը, որտեղ նշվում է, որ Լոնդոնն ու Երևանը բանակցում են Բրիտանիայից Հայաստան անօրինական ներգաղթյալներ ուղարկելու շուրջ, հայտարարել է, որ ապօրինի միգրանտները գալու են, լցվեն Հայաստանի Հանրապետություն։

The Times–ը, հղում անելով իր տնօրինության տակ հայտնված Մեծ Բրիտանիայի ԱԳՆ փաստաթղթերին, գրել է, որ Լոնդոնը բանակցություններ է սկսել 4 երկրի հետ, որոնք կարող են ընդունել ՄԹ–ից արտաքսվող ապօրինի ներգաղթյալներին՝ այդ երկրներն են Հայաստանը, Բոթսվանան, Կոտ դ՛Իվուարը և Կոստա Ռիկան։ Ըստ պարբերականի, հենց այդ երկրների հետ է Լոնդոնը մտադիր համաձայնագիր կնքել՝ ավելի վաղ Մեծ Բրիտանիայի և Ռուանդայի միջև կնքվածի նմանությամբ:

«Եթե այդ ապօրինի միգրանտները տնտեսական, քաղաքական կամ այլ արժեքով Մեծ Բրիտանիայի համար օգտակարություն ներկայացնեին, այնտեղ կպահեին։ Բայց իրենք չեն կարողանում հետ ուղարկել, ուղարկելու են այլ երկրներ»,–ասել է նա, գրում է Aysor.am-ը։

Նա նշել է, որ այդ ապօրինի միգրանտների հոսքը ավելի շատ տեղի է ունեցել Աֆղանստանից, Հնդկաստանից, Պակիստանից, արաբական, աֆրիկյան երկրներից։

«Հիմա մեր ցածր ծնելիության, արտագաղթի պայմաններում, անհասկանալի իրավական հիմքի վրա անհասկանալի գործարքի արդյունքում Պակիստանից, Բանգլադեշից կամ այլ երկրից եկած 50 կամ 100 հազար մարդ գա, հասկանո՞ւմ եք, թե ինչ է լինելու Հայաստանի հետ մի քանի տարի հետո»,-ասել է պատգամավորը։

Նա վստահեցրել է, որ դա ռիսկային խնդիր է։

ՀՀ ԱԳՆ–ն, մեկնաբանելով The Times պարբերականում հրապարակված հոդվածը, որի համաձայն քննարկվում է ՄԹ–ից արտաքսվող միգրանտներին ՀՀ–ում ընդունելու հարցը, հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի հետ այդ հարցով բովանդակային կամ տեխնիկական բանակցություններ չեն եղել։

Ընթերցեք նաև․ ԱԳՆ–ն՝ Times-ի հոդվածի մասին․ ՄԹ հետ միգրանտների հարցով բովանդակային կամ տեխնիկական բանակցություններ չեն եղել

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---