ՔՊ պատգամավորի հետ միջադեպից հետո ծեծի ենթարկված Վարդանյանը ճանաչվել է տուժող

ՔՊ պատգամավորի հետ միջադեպից հետո ծեծի ենթարկված Վարդանյանը ճանաչվել է տուժող

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեն ստացել է հանցագործության մասին հաղորդում այն մասին, որ 2024թ․ ապրիլի 15-ին, երեկոյան, համապատասխան քննչական գործողությունը կատարվելուց հետո Ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելու ընթացքում, առերևույթ խուլիգանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթով հանցավոր արարք կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալված անձ Սամվել Վարդանյանը ենթարկվել է բռնությունների, կատարվել են նրա արժանապատվությունը նսեմացնող գործողություններ։

Նշված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարդանյանը ճանաչվել է տուժող։

Իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու, հաղորդման մեջ նշված տեղեկությունները վարույթի շրջանակներում ստուգելու և իրավական գնահատականներ տալու նպատակով։

Ապրիլի 15-ին համացանցում տեսագրություն էր տարածվել, որում մի երիտասարդ անպարկեշտ արտահայտություններ է հնչեցնում պատգամավորի հասցեին, ինչից հետո հրմշտոց է սկսվում։ Ավելի ուշ պարզվեց, որ այդ երիտասարդը Սամվել Վարդանյանն է, որի նկատմամբ քրեական գործ է հարուցվել առերևույթ խուլիգանության հատկանիշներով։ Ապրիլի 16-ին փաստաբան Վարազդատ Հարությունյանը հայտնեց, որ Սարգիս Վարդանյանին դաժան ծեծի են ենթարկել, թքել են նրա վրա, ստիպել են իր հասցեին հայհոյանքներ հնչեցնել։ Նրա խոսքով` Սամվելի տաբատին, ծնկների հատվածում խոտերի հետքեր են եղել, ճակատը, աջ ձեռքն այտուցված են եղել, ձախ ունքն էլ վնասված է եղել։ Ուսին ու ձեռքին էլ քերծվածքներ են եղել։

Վարդանյանին դաժան ծեծի ենթարկելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել։ Այդ մասին ասել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---