Տաթևի վանքի շրջակայքում պտղատու այգի է հիմնվում՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների

Տաթևի վանքի շրջակայքում պտղատու այգի է հիմնվում՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների

PanARMENIAN.Net - Տաթևի վանքի շրջակայքում մեկնարկել են նոր պտղատու այգու հիմնման աշխատանքները՝ որպես զորակցություն Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների։

Այգու ստեղծման բարեգործական ծրագիրն իրականացնում է Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը՝ նրա գործընկերների, համախոհների, բազմաթիվ անձանց մասնակցությամբ ու աջակցությամբ: Բացի մրգատու ծառերից, այգում տնկվելու է նաև սոսի՝ Կենաց ծառ՝ որպես մեր ժողովրդի հավատի, հույսի և հարատևության խորհրդանիշ:

«Այսօր, երբ մեր գործակալության հիմնադիր Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում է, ավելի քան կարևոր է նրա գործի շարունակությունն ու գաղափարների իրագործումը: Այգի հիմնելը Վարդանյանի համար միշտ եղել է բարիք ստեղծելու, նոր սկզբի խորհրդանիշ, այդ իսկ պատճառով նախաձեռնվեց այս ծրագիրը: Մենք կարևոր ենք համարում լայն մասնակցությունը, քանի որ սա ոչ միայն այգի հիմնելու ու ծառ տնկելու մասին է, այլև մեր յուրաքանչյուրիս զորակցությունը հայտնելու Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանին և մեր բոլոր մյուս հայրենակիցներին»,-ասել է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության գործադիր տնօրեն Գրիգորի Մարտիրոսյանը:

Պտղատու ծառերի տունկը շարունակվելու է ամբողջ ապրիլ ամսվա ընթացքում: Ծրագրին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ այցելելով գործակալության կայք և ձեռք բերել իրենց անվանական ծառը` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը: Մասնակիցները կարող են ներկա գտնվել նաև մայիսին կայանալիք այգու բացման արարողությանը, որի ժամանակ էլ տնկվելու է սոսին՝ Կենաց ծառը:

Այգին ոռոգվելու է կաթիլային եղանակով և պահպանվելու է տեղի բնակիչների ներգրավմամբ: Ծրագրի իրագործման ընթացքում գոյացած միջոցներն ուղղվելու են Տաթև համայնքի զարգացմանը։

Արցախի նախկին պետնախարար, հայտնի բարերար Ռուբեն Վարդանյանն առաջադրվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի իր բարեգործական և մարդասիրական գործունեության համար: Նրա թեկնածությունն առաջադրել են մի շարք հեղինակավոր անձինք, որոնց թվում նաև Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր կա:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---