Վարչապետ․ ՀԱՊԿ–ը սահման պիտի գար որպես ՀՀ դաշնակից, ոչ թե որպես խաղաղապահ կամ խաղաղարար

Վարչապետ․ ՀԱՊԿ–ը սահման պիտի գար որպես ՀՀ դաշնակից, ոչ թե որպես խաղաղապահ կամ խաղաղարար

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տված հարցազրույցում, պատասխանելով ՀԱՊԿ–ի մասին հարցին, հայտարարել է, որ ՀԱՊԿ–ը Հայաստան-Ադրբեջան սահման պիտի գար որպես ՀՀ դաշնակից, և ոչ թե` խաղաղապահ կամ խաղաղարար:

Վարչապետը զրուցել է The Guardian-ի, The Independent–ի, The Telegraph–ի, The Critic–ի, BBC–ի և Adam Smith Institute–ի ներկայացուցիչների հետ։

«ՌԴ մեր գործընկերներն ասում են, որ իրենք առաջարկել են ՀԱՊԿ խաղաղապահներ ուղարկել Հայաստան-Ադրբեջան սահմանին: Սա, կներեք, բայց Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագրի ֆունկցիոնալը ոչնչացնող հայտարարություն է, որովհետև ինքը Հայաստան-Ադրբեջան սահման պիտի գար որպես Հայաստանի դաշնակից և ոչ թե որպես խաղաղապահ կամ խաղաղարար: Ես նկատի ունեմ՝ շատ են ասում, թե Հայաստանը ՀԱՊԿ-ի մասին այսպես ասաց, Հայաստանը ՀԱՊԿ-ի մասին այնպես ասաց, Հայաստանը ՀԱՊԿ-ում այս արեց, Հայաստանը ՀԱՊԿ-ում այն արեց, բայց Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել: Ինչ-որ ՀԱՊԿ-ին արել է՝ ՀԱՊԿ-ը հենց ինքն է արել իր հայտարարությամբ, գործողություններով և անգործությամբ:

Եվ այս պայմաններում մենք չենք կարող ուղղակի ձևացնել, թե այդ ամեն ինչը չենք նկատում: Մենք այսօր գործնականում սառեցրել ենք մեր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, և ինչպես տեսնում եմ՝ եթե չի հատել կազմակերպությունում մեր մասնակցության տաքացման անհնարինության գիծը, բայց եթե այսպես շարունակվի, ես նկատի ունեմ՝ այն քաղաքական դիրքորոշումները, որ արտահայտում են, ակնհայտ է, որ նաև այդ գիծը կհատվի: Այսինքն՝ առնվազն եթե այսպես ասենք՝ վերամասնակցությունը ՀԱՊԿ–ում կդառնա գործնականում անհնարին»,–ասել է նա։

Նա նշել է, որ, ըստ էության, հայկական կողմը նույնիսկ Ադրբեջանի հետ կարողացել է սկզբունքային համաձայնություն ձեռք բերել հետևյալի մասին, որ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք 1991 թ. Ալմաթիի հռչակագրի հիմա վրա և 1991թ. Ալմաթիի հռչակագիրը վերցվում է որպես քաղաքական հենք՝ սահմանազատման գործընթացի համար:

«Հիմա ի՞նչ կապ ունի այս ամենը ՀԱՊԿ-ի հետ: Իսկ կապը շատ ուղղակի է, որ ահա՝ Ալմա-Աթայի հռչակագրով՝ վարչական սահմաններով արձանագրված սահմանները նաև Հավաքական անվտանգության պատասխանատվության կազմակերպության պատասխանատվության գոտի են: Ի՞նչ է դա նշանակում, որ եթե այդ սահմանը խախտվում է՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվտանգային մեխանիզմը պետք է գործարկվի:

Հիմա ի՞նչ խնդիր է առաջացել մեր և ՀԱՊԿ-ի հարաբերություններում: Խնդիրը հետևյալն է, երբ այդ սահմանները խախտվել են 2021թ. մայիսին, 2021թ. նոյեմբերին, 2022թ. սեպտեմբերին և Հայաստանը սահմանված կարգով ձեռնարկել է ճգնաժամային իրավիճակներում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արձագանքի մեխանիզմներ, այդ մեխանիզմները չեն գործարկվել այն պատճառաբանությամբ, որ սահմանները դելիմիտացված չեն: Եվ Ռուսաստանի Դաշնությունից էլ վերջերս նման հայտարարություն է հնչում, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը չի գործարկվել այդ պահին, որովհետև այդտեղ դելիմիտացված սահման չկար կամ սահման չկա, բայց մեր գործընկերները չեն արձանագրել մի կարևոր բան, եթե այդտեղ դելիմիտացված սահման չկա, դա նշանակո՞ւմ է արդյոք, որ չկա նաև Հավաքական անվտանգության պատասխանատվության կազմակերպության պատասխանատվության գոտի, որովհետև սահմանը կա, և բոլորը գիտեն այդ սահմանի տեղը, իսկ, ըստ էության, նրանք ասում են, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտի Հայաստանի Հանրապետությունում իրենք չենք կարող ցույց տալ:

Սա, կներեք, նշանակում է, որ իրենք ասում են, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն, ըստ էության, չկա, որովհետև դելիմիտացված չի, դելիմիտացված չէ նաև, օրինակ՝ սահմանը Ռուսաստանի և Ճապոնիայի միջև: Կներեք, ես գիտեմ, որ մեր գործընկերները նման մտադրություն չունեն, բայց եթե հանկարծ այդպիսի իրադրություն լինի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, օրինակ՝ Ռուսաստանը երկրների հետ ունի չդելիմիտացված սահմաններ, եթե հանկարծ այդպիսի մտադրություն լինի, որ որևէ երկրի զորք մուտք գործի Ռուսաստանի Դաշնության տարածք, չդելիմիտացված սահմաններ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը նշանակում է չպիտի՞ որևէ կերպ արձագանքի: Դա էլ իր հերթին նշանակում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն չկա որպես մեխանիզմ, որի վրա անդամ երկրները՝ Ռուսաստանը, Հայաստանը, մյուս երկրները կարող են հույս դնել:

Եվ մեր հարցը հետևյալն է, եթե մենք հույսը դնում ենք մի կազմակերպության վրա, որի վրա չարժե հույս դնել, որովհետև սկզբունքորեն չի կարելի այդ կազմակերպության վրա հույս դնել, և ոչ միայն մենք, այլև մյուսները չեն կարող այդ կազմակերպության վրա հույս դնել, և սա հիմնավորվում է կազմակերպության արձագանքով և անդամ որոշ երկրների հայտարարություններով: Մեր հանրությունը մեզ ասում է՝ դուք ինչո՞ւ եք շարունակում մնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ: Եվ եթե անկեղծ ասեմ՝ ես այդ հարցի պատասխանը չունեմ»,–ասել է նա։

Վերջին շրջանում Հայաստանը չի մասնակցում կազմակերպության միջոցառումներին և փաստացի սառեցրել է անդամակցությունը, քանի որ ՀԱՊԿ–ը չի կատարել իր պարտավորությունները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չի արել, չկա մի տեղ, որտեղ ՌԴ-ն կարող է մեղադրել Հայաստանին պարտավորությունները չկատարելու մեջ, սակայն հակառակ դեպքերը բազմաթիվ են: Փաշինյանը նշել է, որ Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերություններն ակնհայտորեն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում, սակայն դրանց կարևորությունը ՀՀ պետականության, ինքնիշխանության, անվտանգության, տնտեսության համար դժվար է թերագնահատել:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանը դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում։ Նա մատնանշել է, թե ՀԱՊԿ պատասխանատավության գոտու մասին խոսելուց առաջ, պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը»։ Լավրովը նաև ասել է, որ այն հայտարարությունները, թե հայերը հեռացան Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների անգործության պատճառով, «սխալ են»։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---