ԱԽ քարտուղար․ Կիրանցում 4 շինություն կա, որ 1976–ի քարտեզով չի մնում ՀՀ տարածքում

ԱԽ քարտուղար․ Կիրանցում 4 շինություն կա, որ 1976–ի քարտեզով չի մնում ՀՀ տարածքում

PanARMENIAN.Net - ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում, անդրադառնալով Տավուշի մարզի Կիրանց գյուղի սահմանազատման բարդություններին, ասել է, որ Կիրանցում 4 շինություն կա, որը 1976 թվականի քարտեզով չի մնում ՀՀ տարածքում։

Նա հավելել է, որ այդ բոլոր խնդիրները լուծվելու են։

«Այդ շինություններից մեկը տուն է, մեկը՝ կացարան, մյուսը՝ խանութ-վագոն, մեկը՝ ավտոտնակ։ Այդ բոլոր խնդիրները կառավարությունը լուծելու է։ Ճանապարհ ենք կառուցելու, որն ամբողջովին ՀՀ տարածքով է անցնելու։ Այս գործընթացի միջոցով մենք ավելի շատ անվտանգության երաշխիքներ ենք ստեղծում»,- ասել է ԱԽ քարտուղարը։

Նա կարևորել է ՀՀ և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը, որը որպես սահմանազատման մեկնարկի սկզբունք է ընդունում Ալմաթիի հռչակագիրը։ Նա կարևորել է նաև այն հանգամանքը, որ ԽՍՀՄ 1976թ․ քարտեզն է որպես սահմանազատման հիմք ծառայում։

Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, պատասխանելով սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների մայիսի 15-ին հրապարակված հայտարարության մասին հարցերին, նշել է, որ Տավուշում 25 հեկտար հողերը կվերադարձվեն Կիրանցին, և որ ճանապարհի տեղափոխման խնդիր կա։ Նշվել է նաև, որ սահամանապահները կկանգնեն սահմանազատված հատվածում 8-9 օրվա ընթացքում, իսկ Կիրանցի զգայուն հատվածում՝ ավելի ուշ։

Մինչդեռ կիրանցեցիները դժգոհ են պայմանավորվածությունից և գիշերել են իրենց կողմից փակված ՀՀ–Վրաստան միջպետական ճանապարհին։ Նրանք տարակուսած են, թե ինչո՞ւ է վարչապետի աշխատակազմը որպես նպաստավոր լուր արձանագրել, թե Կիրանցին վերադարձվում է մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հող, այն դեպքում, որ այդ ականապատ հողերը միշտ են եղել հայկական վերահսկողության տակ։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---