Օսթին. ԱՄՆ-ն չի կարող ենթադրություններ անել Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին

Օսթին. ԱՄՆ-ն չի կարող ենթադրություններ անել Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին

PanARMENIAN.Net - ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի կարող ենթադրություններ անել, թե ինչն է եղել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը։

«Մենք շարունակում ենք հետևել իրավիճակին, սակայն որևէ տեղեկություն չունենք կործանման պատճառի մասին։ Ես չեմ կարող ենթադրել, թե ինչն է դարձել կործանման պատճառ», – ասել է Օսթինը, գրում է ՏԱՍՍ–ը։

Նա առաջարկել է սպասել վթարի պատճառների հետաքննության ավարտին։ Օսթինը հավելել է, որ «չի տեսնում մեծ հետևանքների հավանականություն տարածաշրջանային անվտանգության համար։ Իրանի նախագահի վախճանի պատճառով։

Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամադ Բաղերիի կարգադրությամբ կստեղծվի հատուկ քննչական հանձնաժողով, որը կքննի երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող մյուս պաշտոնյաների մահվան հանգամանքները։

Աշխարհի 8 երկրում սուգ է հայտարարվել Ռայիսիի մահվան կապակցությամբ՝ Իրաքում, Լիբանանում, Պակիստանում, Սիրիայում, Հնդկաստանում, Տաջիկստանում և Թուրքիայում։ Իրանում սուգը 5 օրյա է։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հրաժեշտի արարողությունն ու հուղարկավորությունը տեղի կունենան մայիսի 23-ին Մաշհադում:

Իրանի նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Մոհսեն Էսլամին հայտարարել է, որ հունիսի 28-ին Իրանում տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ։ Նա ասել է, որ առաջարկվող ամսաթիվը պետք է հաստատեն Իրանի Պահապանների խորհուրդը և երկրի ընտրական հանձնաժողովը։

Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և պատվիրակության մյուս անդամները զոհվել են ուղղաթիռի կործանման հետևանքով` Ադրբեջանի հետ սահմանին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից վերադառնալիս։ Ուղղաթիռում են եղել նաև Թավրիզի իմամ Մոհամմադ Ալի ալ-Հաշեմը, Արևելյան Ադրբեջան նահանգի ղեկավար Մալեք Ռահմատին, ուղղաթիռի անձնակազմը և անվտանգության մեկ աշխատակից։ Բոլորը զոհվել են։

Մայիսի 19–ի երեկոյան հայտնի դարձավ, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին ու մի քանի այլ պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել։ Նշվում էր մառախուղն ու վատ եղանակը։ Իրանի պատվիրակությունը վերադառնում էր Ադրբեջանի հետ սահմանին Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից հետո, որին մասնակցել է նաե Ադրբեջանի նախագահը։ Մյուս երկու ուղղաթիռները բարեհաջող տեղ են հասել։

Իրանի նախագահի լիազորությունները, համաձայն ԻԻՀ Սահմանադրության, 2 ամսով փոխանցվում են առաջին տեղակալ Մոհամմադ Մոհբերին։ Հետո երկրում կանցկացվեն նոր ընտրություններ։Իրանում 5 օրյա սուգ է հայտարարվել։

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---