Ծեծկռտուք՝ ԶՊՄԿ աշխատողների միջև. 8 բերման ենթարկված կա

Ծեծկռտուք՝ ԶՊՄԿ աշխատողների միջև. 8 բերման ենթարկված կա

PanARMENIAN.Net - Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի` ԶՊՄԿ-ի աշխատակիցների միջև ծեծկրտուք է տեղի ունեցել զենքի գործադրմամբ. կան տուժածներ ու բերման ենթարկվածներ։

Միջադեպը ծագել է գործադուլավորների և նրանց ընդդիմախոսների միջև։ Գործադուլի մասնակիցները զինված հարձակում են գործել այն աշխատակիցների վրա, որոնք դեմ են արտահայտվել գործադուլին, հայտնում է Sputnik Արմենիան։

Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ոստիկանությունը հաղորդում է ստացել Քաջարանի Պոչամբար թաղամասում ծեծկռտուքի վերաբերյալ։

«Դեպքի վայր են գնացել ոստիկաններ, կանխվել են հետագա զարգացումները։ Այս պահի դրությամբ կա 8 բերման ենթարկված»,- ասել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

ԶՊՄԿ–ն հայտարարել է, որ ընկերության տարածքում հրազենի կիրառմամբ որևէ միջադեպ տեղի չի ունեցել։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության տարածքում հրազենի կիրառմամբ որևէ միջադեպ տեղի չի ունեցել։ Ոստիկանության հայտնած տեղեկատվությունը՝ ԶՊՄԿ տարածքից դուրս տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, ընկերությունը մեկնաբանել չի կարող»,–ասվում է հայտարարության մեջ։

Հունվարի 31-ից ԶՊՄԿ-ի աշխատակիցների մի մասը գործադուլ է սկսել՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում։ Կոմբինատի ղեկավարությունը նախազգուշացրել էր, որ կձեռնարկի կտրուկ քայլեր, եթե գործադուլը չդադարեցվի։ Ղեկավարության և գործադուլավորների միջև կայացած հանդիպումները որևէ արդյունք չեն տվել։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---