Տիգրան Մանսուրյանը գոհ է, որ իր հոբելյանն աննկատ չի մնացել

PanARMENIAN.Net - Անվանի հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, որի 70-ամյա հոբելյանն այս տարի նշվում է տարբեր միջոցառումներով եւ համերգներով, գոհ է նրանից, որ իր հոբելյանն աննկատ չի մնացել:



«Երկու տարի առաջ ես ինքս ինձ հարց էի տալիս, թե արդյոք իմ հոբելյանին Հայաստան կգան իմ ընկեր-գործընկերները, որոնց հետ ես համագործակցում եմ արտասահմանում: Իսկ նրանք պետք է ոչ թե երկու ամիս առաջ, այլ երկու տարի առաջ եւ նույնիսկ ավելի վաղ ժամկետացանկ կազմեն: Բայց մենք ուշացել ենք»,- ասել է կոմպոզիտորը եւ ավելացրել, որ նրա ուսուցիչը` մեծ մարդ եւ կոմպոզիտոր Ղազարոս Սարյանն իր հոբելյանը նշել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի դահլիճում, որտեղ տեղավորվում է մոտ 80 հոգի:





Շատ երկրներում իր գործունեությամբ հայտնի մարդը երազանք ունի, բայց նրա խոսքերով, «երազանքը եւ պահանջը շատ մոտ են, նրանք նման են, իսկ ես չեմ ցանկանում ինչ-որ պահանջ ներկայացնել»:



Գնահատելով մշակութային մթնոլորտը Հայաստանում` կոմպոզիտորը նշել է. «Վերջին ժամանակներում ակնհայտ են ընդհանուր ջանքեր, որոնք գործադրվում են Հայաստանում դասական երաժշտության զարգացման եւ տարածման համար, բայց լուրջ առաջադրանք կա` հասնել նրան, որ դասական երաժշտությունը եւ բարձր արվեստն ամբողջությամբ մուտք գործեն հասարակության կյանք, այլ ոչ թե մնան հիացմունքի առարկաներ ինչ-որ փառատոների եւ եզակի միջոցառումների ժամանակ»:



Նույնիսկ ամենափոքր անարդարությունը, որը հասարակական հնչեղություն է ստանում, ցավ է պատճառում Տիգրան Մանսուրյանին: «Ուժի եւ միասնության առումով մեզ արդեն քամել են, մեր կորուստներն արդեն նկատելի են: Ես կցանկանայի, որպեսզի օրենքի իշխանությունը մի անգամ գերիշխի մեր հասարակության մեջ, եւ յուրաքանչյուր մարդ զբաղվի իր գործով»,- նշել է նա:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---