Ղազանչյան․ Ստեփանակերտի լեգենդար թատրոնը կշարունակի գործել

Ղազանչյան․ Ստեփանակերտի լեգենդար թատրոնը կշարունակի գործել

PanARMENIAN.Net - Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, որը մասնակցել է Գյումրու դրամատիկական թատրոնի 158-րդ թատերաշրջանի բացմանը, լրագրողների հետ զրույցում ասել է, որ Թատերական գործիչների միությունը մտադրություն ունի պահպանել Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան լեգենդար թատրոնը, գրում է Aravot.am-ը։

«Ես կապի մեջ եմ թատրոնի տնօրենի հետ, միությունն ունի ծրագիր՝ պահպանելու Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, լեգենդար թատրոն է՝ լեգենդար պատմություն ունեցող։

Եվ այդ առիթով մենք պատրաստ ենք տրամադրելու մեր շենքը՝ Թատերական գործիչների միության շենքը, մեր դահլիճը, որպեսզի նրանք այնտեղ աշխատեն, մենք պատրաստ ենք գտնել հովանավորներ։ Ես արդեն խոսել եմ մի քանի թատրոնների ղեկավարների հետ, նրանք պատրաստ են օգնել, օժանդակել, ինչով կարող են։

Կարինե Քոչարյանը՝ վաղամեռիկ, մեր հրաշալի դերասան Վլադիմիր Քոչարյանի կինը, որը սկսել է իր գործունեությունը այս թատրոնում, վերջերս իր ծախսերով եկավ Ստեփանակերտ և այնտեղ բեմադրություն արեց։ Հիմա այդ բեմադրությունը տանելու է Ամերիկա, մինչ այդ եվրոպական տուր կազմակերպեց։ Կարինեն վերջին 35 տարին բնակվում է Նյու Յորքում, Երևանում տուն է գնել և հատուկ գալու է, որպեսզի գլխավորի այդ թատրոնը, մենք արդեն խոսել ենք նրա հետ։ Եվ ամեն ինչ անելու ենք, որ Արցախի թատրոնը մնա»,–ասել է նա։

Ղազանչյանը նշել է, որ այս 30 տարիների ընթացքում Շուշիի մշակույթի կենտրոնի տնօրենը՝ ազգությամբ ադրբեջանցի, Բաքվում աշխատավարձ է ստացել։

«Եթե թշնամին այդքան բանը հասկանում է և անում է, առավել ևս մենք պետք է անենք։ Մենք պետք է պահպանենք, որովհետև եթե մենք նման մշակույթի օջախները կորցնենք, փոշիացնենք, ուրեմն գրոշի արժեք չունենք։ Պետք է պահենք, պահպանենք, և, իհարկե, բոլորովին չեմ կասկածում, պետք է սպասենք վաղվա օրվա, գուցե մեր սերունդը չտեսնի այդ լավ օրը, բայց ես չեմ կասկածում՝ կգան սերունդներ, որոնք ետ կբերեն մեր հրաշալի երկիրը»,–ասել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի է մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---