Առաջարկվում է թեթև վթարների դեպքում 20 րոպե սահմանել երթևեկելի հատվածն ազատելու համար

Առաջարկվում է թեթև վթարների դեպքում 20 րոպե սահմանել երթևեկելի հատվածն ազատելու համար

PanARMENIAN.Net - Արհեստական խցանումների ռիսկերը նվազեցնելու նպատակով Ազգային ժողովում քննարկվում է օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում է թեթև վթարների դեպքում սահմանել ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցների կողմից երթևեկելի հատվածն ազատելու հստակ ժամկետ։Նախաձեռնությունը ներկայացրել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

Նրա խոսքով, փոփոխությունները վերաբերում են «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքերին, որոնցում առաջարկվում է ամրագրել, որ վթարի մասնակից երկու ավտոմեքենաների վարորդները, եթե համաձայնության են եկել մեղավորության հարցում և մեքենաներն աշխատունակ են, ապա առավելագույնը 20 րոպեի ընթացքում պարտավոր են ավտոմեքենաները տեղափոխել օրենքով չարգելված վայր, հայտնում է Արմենպրեսը։

«Եթե վարորդները խախտեն այս պահանջը՝ չհեռանալով դեպքի վայրից 20 րոպեի ընթացքում, նրանք կտուգանվեն նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով (խմբ. 30 հազար դրամով)»,-ասել է Աղաջանյանը:

Նա նաև նշել է, որ ներկայում երկու մեքենայի մասնակցությամբ վթարներից հետո երթևեկելի հատվածի ազատումը միջինում տևում է մոտ 1 ժամ 12 րոպե, ինչը նպաստում է խոշոր խցանումների առաջացմանը։

Ըստ առաջարկի, այս փոփոխությունը կիրառելի կլինի միայն այն դեպքերում, երբ պատճառված գույքային վնասը չի գերազանցում 400 հազար դրամը, իսկ կողմերը պատշաճ կերպով լրացնում են «Ավտոապահովագրական մեկ պատուհան» հավելվածի (ASWA համակարգ) համաձայնեցված հայտարարագիրը։

Նախագծում նաև սահմանվում է, որ մինչև 2026 թվականի հունվարի 1-ը գործելու է 20 րոպեանոց սահմանաչափը, իսկ դրանից հետո, տեխնոլոգիական կատարելագործումների շնորհիվ, այդ ժամկետը կարող է նվազեցվել՝ դառնալով առավելագույնը 5-10 րոպե։

Ապագայում նախատեսվում է, որ հավելվածում վթարի պահին արդեն նախապես կներառվեն վարորդների անհրաժեշտ տվյալները, ինչը զգալիորեն կկրճատի փաստաթղթային ձևակերպումների ժամանակը։

Նախագծի հեղինակներն են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---