ՀՎԿԱԿ․ Մանկապարտեզներում և դպրոցներում բացակաների 14.4%-ը պայմանավորված է սուր շնչառական վարակներով![]() 28 նոյեմբերի 2025 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում շարունակում է արձանագրվել սուր շնչառական վարակների ակտիվ շրջանառություն՝ հատկապես երեխաների շրջանում։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացրել է, որ 47-րդ շաբաթվա տվյալներով հիվանդացության ցուցանիշն աճել է 1.2 անգամ՝ նախորդ շաբաթվա համեմատ։ Ընդհանուր դեպքերի 80 տոկոսը բաժին է ընկնում 0-ից 18 տարեկանների խմբին։ Այս շրջանում հանրապետությունում շրջանառվում են գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչներ, ինչպես նաև այլ վիրուսներ՝ ռինովիրուս, բոկավիրուս, ադենովիրուս, պարագրիպ։ Նախադպրոցական և դպրոցական հաստատություններում իրականացվում է «համաճարակային ֆիլտր» մեխանիզմ, որի միջոցով որոշվում է՝ արդյոք տվյալ հաստատությունը պետք է անցնի հեռավար ուսուցման։ Այս ցուցիչը հիմնվում է հիվանդացության կոնկրետ մակարդակի վրա։ Նոյեմբերի 28-ի դրությամբ արձանագրվել է 55,635 բացակա, որոնցից 8064-ը՝ սուր շնչառական վարակներով պայմանավորված։ Սա կազմում է բացակայությունների ընդհանուր թվի 14.4 տոկոսը։ Այս 8064 բացակայություններից 104-ը հայտնաբերվել են հենց «համաճարակային ֆիլտրի» կիրառման արդյունքում՝ համապատասխան արձագանքով՝ երեխաներին տուն ուղարկելով։ «Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու, բարդություններից խուսափելու նպատակով ՀՎԿԱԿ-ը ԿՐԿԻՆ հիշեցնում և հորդորում է. պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով պոլիկլինիկա/ամբուլատորիա, խուսափե´ք սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով հիվանդների հետ շփումից, եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը, եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ, մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար, հագնվե´ք եղանակին համահունչ, պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը, օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ, հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները, հետևե´ք անձնական հիգիենային»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |