Ավանեսյան․ Ընտանեկան բժիշկների, թերապևտների, մանկաբույժների աշխատավարձերը բարձրացել են 20-40 %-ով![]() 28 մարտի 2026 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Ընտանեկան բժիշկների, թերապևտների, մանկաբույժների աշխատավարձերը բարձրացել են 20-40 %-ով, հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա նշել է, որ որոշ մասնագետների դեպքում աշխատավարձերը նույնիսկ կրկնապատկվել են՝ հավելելով, որ աշխատանք է տարվում, որ աշխատավարձի բարձրացում արձանագրեն նաև նեղ մասնագետները: «ԱՆ ենթակայությամբ գործող մարզային և երևանյան բուժհաստատությունների ղեկավարների հետ առցանց խորհրդակցություն արեցինք` նախնական ամփոփելու ապահովագրության ներդրումից հետո բուժաշխատողների առաջին երկու ամիսների աշխատավարձերի ցուցանիշները: Նախնական արձանագրումները. Ընտանեկան բժիշկների, թերապևտների, մանկաբույժների աշխատավարձերը բարձրացել են 20-40 տոկոսով: Նեղ մասնագետների աշխատավարձերը միջինում բարձրացել են 50 տոկոսից մինչև կրկնակիի չափով: Պոլիկլինիկաների հոգեբույժների, ֆթիզիատրների, մանկական սրտաբանների, համաճարակաբանների և մանկական գինեկոլոգների աշխատավարձերը մի մասում կոմպենսացվել են ԲԿ-ների կողմից կամ ջանքեր են ձեռնարկվում ապահովելու խորհրդատվությունների տրամադրումը: Առաջիկայում կներկայացնենք վերապրոֆիլավորման և մի քանի այլ միջոցառումներ` լուծելու խնդիրը: Տարվում են աշխատանքներ` լուծումներ գտնելու, որպեսզի հաջորդ ամիսներից արդեն աշխատավարձի բարձրացում արձանագրեն նաև այս նեղ մասնագետները: ԱՆ ենթակայությամբ գործող բժշկական կենտրոնների բուժքույրերի և մայրապետերի աշխատավարձերի վերաբերյալ կդիտարկվի մեկ միասնական ձևաչափ: Առցանց հանդիպմանը մասնակցել են ԱՆ ենթակայության մարզային և երևանյան 55 բուժկենտրոնի ղեկավարներ»,-ասվում է գրառման մեջ: Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը սկսել է գործել 2026 թվականի հունվարի 1-ից։ Սկզբնական փուլում ընդգրկվել է 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիները։ Առաջին փուլում ապահովագրության շահառուներ են դարձել նաև մինչև 18 տարեկանները և 65 տարին լրացած բոլոր անձինք՝ անկախ եկամտային մակարդակից։ Այս խմբերի համար պետությունը 2026 թվականին կիրականացնի 100 տոկոսանոց ֆինանսավորում։ Պարտադիր ապահովագրության փաթեթը տարեկան կազմում է 129, 600 դրամ և ներառում է կանխարգելիչ ու վաղ հայտնաբերման ծրագրեր, սքրինինգային, հիվանդանոցային բուժում, դեղորայքային ապահովում և շտապօգնության ծառայություններ։ 200–500 հազար դրամ աշխատավարձ ստացող անձանց համար պետությունը հոգում է մեծ մասը, և նրանք ամսական վճարում են ընդամենը 300 դրամ, քանի որ «Զինապահ» հիմնադրամին ուղղվող գումարների զգալի հատվածը վերաուղղվում է ապահովագրական համակարգին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |